00:00:00

«Փնթի» գործ․ Ալեն Սիմոնյանը փաստաթղթեր կհրապարակի

16:35, 02 հունիս 2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատկանող Փաստերի ստուգման հարթակ, կամ այլ կերպ ասած Fip.am կայքը երկու օր առաջ հրապարակել էր «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերտառությամբ հոդված, որտեղ ԱԺ փոխխոսնակին մեղադրում էր հայտարարագիրը թերի ներկայացնելու եւ ապօրինի հարստացման մեջ։ Irakanum.am-ն արդեն իսկ անդրադարձել են հրապարակման վերաբերյալ կողմերի արձագանքներին։ Հրապարակման նույն օրը Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, հայտնելով, որ իրեն ուղղված՝ ապօրինի հարստացման մեղադրանքը անհեթեթություն է։ Սիմոնյանը նաեւ գրել էր, որ հոդվածում խոսք է գնում զրպարտության և սուտ մատնության մասին, որոնք քրեորեն պատժելի արարքներ են։ Նույն օրը այս գրառմանն արձագանքեց Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրելով, որ Ալեն Սիմոնյանը բացատրություն պետք է տա նախ եւ առաջ քննիչին՝ ապօրինի հարստացման համար։ Երեկ էլ ԶԼՄ-ների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը դարձյալ հերքել էր իրեն վերագրվող մեղադրանքները, չբացառելով, որ կդիմի դատարան։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հրապարակել բանկային փաստաթղթեր, որոնք կփաստեն, որ մեքենայի գնման գործընթացը տեղի է ունեցել բացառապես օրինականության շրջանակներում։ Սա նշանակում է, որ կփաստվի, որ Դանիել Իոննիսյանի հերթական հրապարակումը, որը ըստ կայքի համակարգողի հիմնված է բացառապես փաստերի վրա, իրականությանը չի համապատասխանում։ Մեզ հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինչպես արդեն հայտարարել է հոդվածագիրը «փնթի» գործ է արել։ «Ես նախկինում էլ եմ հայտարարել, որ եթե ինձ հարցնեին, ես գումարի տեղը կասեի։ Հոդվածը իրականությունը չի համապատասխանում, գործը փնթի էին արել, եւ իրենք հիմա ծիծաղելի իրավիճակում են հայտնվել»,- ասաց Սիմոնյանը։ Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր այն տեղեկությունը, որ պատրաստվում է վաղը՝ երկուշաբթի հրապարակել բանկային փաստաթղթեր։ «Չեմ մեկնաբանում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ Հավելենք, որ մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք նաեւ այն հնարավոր պատճառներին, որոնք կարող էին դառնալ Դանիել Իոննիսյան- Ալեն Սիմոնյան հարաբերությունների լարվածության։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր