Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տոնեցին նաև «Շենգավիթ» ԲԿ-ում։ Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ առաջին անգամ են ԲԿ-ում տոնում փոքրիկների տոնը և նպատակ ունեն սա բարի ավանդույթ դարձնել, որպեսզի ամեն տարի փոքրիկները գան հիվանդանոց, այս ուրախ օրն անցկացնեն բժիշկների հետ, անձամբ ծանոթանան այն մասնագետների հետ, որոնք օգնել են իրենց լույս աշխարհ գալ։
Բուժանձնակազմի աշխատակիցները փոքրիկներին քաղցրավենիք և պաղպաղակ հյուրասիրեցին։
«Շենգավիթ» ԲԿ փոքրիկների տոնը նշելու էր եկել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տիկնոջ ու երեխաների հետ։
Irakanum.am-ի հետ զրույցում նախարարը, հիշելով իր մանկությունը, պատմեց՝ առանձնապես չարաճճի երեխա չի եղել։
«Մանկապարտեզում, դպրոցում ևս, երևի, չարաճճի չէի։ Տան ավագ երեխան եմ եղել։ Հաճախ կռվում էի փոքր քրոջս հետ ու սովորաբար հենց նա էր հաղթում, որովհետև ծնողներս իրեն էին պաշտպանում», - ժպիտով պատմեց նախարարը։
Նա նշեց՝ այսօր մեր երկրում երեխաների համար պետք է բազմաթիվ ոլորտներում բարեփոխումներ անել, հատկապես՝ կրթության, առողջապահության ոլորտներում։
«Հատկապես առողջապահության ու կրթության ոլորտը կարևոր են երեխաների կյանքում, քանի որ դրանք երեխային թույլ են տալու մեծանալ առողջ ու գիտակից քաղաքացի և մեծ ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում», - հավելեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
https://www.facebook.com/irakanum.am/videos/2413761488858589/