00:00:00

21 տարվա վաղեմության սպանությունը բացահայտվեց. մեղադրանք է առաջադրվել նախկին զինվորականին

21:58, 22 մարտ 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 21 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար: 1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում արձակված կրակոցների հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է  նույն քաղաքի բնակիչ  Վ.Զուլալյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ., նախկինում աշխատել է N զորամասում, կոչումով՝ լեյտենանտ։ Մասնավորապես՝  նախնական քննությամբ  փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  լեյտենանտը լարված, վատ հարաբերություններ է ունեցել համաքաղաքացի  Վ.Զուլալյանի հետ՝ իրեն ու ընտանիքի անդամներին անհանգստացնելու կապակցությամբ:  Պարզվել է, որ դեպքի օրը՝  1997թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ծառայությունը շարունակելու համար զորամաս վերադառնալու ճանապարհին 1971թ. ծնված տղամարդը պատահաբար հանդիպել է Վ.Զուլալյանին և վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ  իր կողմից շահագործվող «ՎԱԶ» 2121 մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ինքնաձիգը և կրակահերթով կրակոցներ արձակել Վ.Զուլալյանի ուղղությամբ, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Սպանության մեղադրանքով վերջինիս նկատմամբ 1997թ. հայտարարվել էր հետախուզում։ Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ հետախուզվողը, ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրային տվյալներն օգտագործելով, ստացել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու անձնագիր և  2014թ. հունիսի 19-ին եկել է Հայաստան, ապա՝ կրկին դուրս եկել ՀՀ-ից: Հետախուզվողը հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլին՝ Բագրատաշենի սահմանային անցակետում։  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր