ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն իր իսկ կողմից ղեկավարվող նախարարության լուծարման գործընթացին վերաբերվում է նորմալ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գաբրիելյանը, հավելելով, որ Հայաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ:
«Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է: Ինտեգրումը կարելի է անել այլ միջոցներով, մասնավորապես, փոխվարչապետի ինստիտուտի միջոցով՝ առանց նախարարության, վարչապետի աշխատակազմի միջոցով կհամակարգվեն»,- պարզաբանեց փոխվարչապետը:
Գաբրելիյանը չբացառեց, որ ինքը կշարունակի ապրիլից հետո էլ պաշտոնավարել, բայց նշեց, որ նման որոշում դեռ չկա: Նրա փոխանցմամբ առայժմ պարզ չէ, թե նախարարության աշխատակազմը ի՞նչ է անելու լուծարումից հետո:
«Նրանք բավականին բարձ որակավորում ունեցող կադրեր են, որոնք իրենց տեղը կգտեն այլ կառույցներում կամ մասնավոր ոլորտներում»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ նախարարությունը իր հաշվեկշռում ունի երկու ավտոմենքենա, իսկ հաստիքների թիվը 30-ն է, որն այս պահին լրիվ համալրված չէ:
Ապրիլից հետո ստեղծվելու է նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոն:Լրագրողները Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ լիազորություններով է այս փոխվարչապետը տարբերվելու մյուս փոխվարչապետերից: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ այս պահին չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ պարտականությունները հստակեցվելու են կառավարության ձեւավորումից հետո, բայց միանշանակ պարզ է, որ նրան տրվելու է կարեւորագույն ոլորտներ:
«Նայեք Ռուսաստանի կառավարության կարգը եւ կտեսնենք, թե այնտեղ առաջին փոխվարչապետը քանի ոլորտ է համակարգում եւ այդ ոլորտներից որքանն են կարեւոր, երկորդական եւ առանցքային: Կառավարությունը ձեւավերելիս հետո որոշակի ոլորտների համակարգումը տրվում է մեկ փոխվարչապետի, մյուսները տրվում է մեկ այլ փոխվարչապետի: Կան ոլորտներ, որոնք համարվում են առավել կարեւոր, որոնք որոշվում է կառավարությնան կազմավորման ժամանակ»,- նշեց նա: