00:00:00

ՀՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ

16:31, 09 մայիս 2019

Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը: Օրն է հավաստումի, որ աշխարհի ժողովուրդներին խաղաղություն բերած մեր պապերի արժանավոր ժառանգներն ենք: Օրն է վստահության, որ արժանի ենք ինքնիշխան պետության և ապագայի մեր տեսլականին, քանզի մարտի դաշտում, մեր հազարավոր եղբայրների արյամբ հաստատեցինք այդ իրավունքը, հաստատեցինք մեր ողջ ժողովրդի սխրանքով ու ջանքով, համայն հայության աներեր հավատով, որ պատրաստ ենք անձնազոհության և հաստատակամ ենք հաղթանակի ճանապարհին: Եվ այսօր էլ Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմաններին կանգնած, մեր ինքնիշխանությունը, մեր ժողովրդի խաղաղությունը, մեր երեխաների ապագան պաշտպանողներն էլ նույնն են հաստատում՝ մենք ժառանգել ենք սխրանքի և հաղթելու կամք և այդ ժառանգությունը ամեն օր փոխանցում ենք գալիք սերունդներին: Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և Խաղաղության օրվա առթիվ: Շնորհավորում եմ ռազմադաշտերում կերտված մեր մեծ Եռատոնի առթիվ: Շնորհավորում եմ ոստիկանության ողջ անձնակազմին: Շնորհավորում եմ այսօր էլ երկրի սահմաններին մարտական հերթապահության կանգնած Ոստիկանության զորքերին: Խոնարհվում եմ հաղթանակի և անկախության մարտերում զոհված մեր զինակիցների անմար հիշատակի առաջ: Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս և մաղթում բարի ծառայություն խաղաղության խրամատներում ու հավատարմություն մեր հաղթանակների հերոսական հիշողությանը: Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր