00:00:00

16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ եւ ապահովված մարդ եմ․ Մարությանը օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը

19:23, 08 մայիս 2019

Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը հենց սկզբում հայտարարեց, որ օրակարգից հանում է հաստիքացուցակի փոփոխության ու աշխատավարձերի բարձրացման մասին որոշման նախագիծը, որը մեծ հնչեղություն էր ստացել ու դժգոհությունների ալիք բարձրացրել։ Հետագայում, երբ հարցի շուրջ կլինի փոխըմբռնում ու փոխհամաձայնություն, նախագիծը կվերադարձվի օրակարգ։ Քաղաքապետն ասաց՝ գիտակցում է, որ «Իմ քայլը» խմբակցությունում դրա վերաբերյալ չկա լայն կոնսենսուս։ Այն չկա նաեւ հանրության շրջանում։ Իսկ դրանց առկայությունն իր համար կարեւոր է, հետեւաբար եթե անգամ այսօր նշված որոշումն ընդունվի առանց այդ կոնսենսուսի, դա իրեն չի գոհացնի։ Հայկ Մարությանը հիշեցրեց, որ բոլոր գերատեսչությունները, պետական մարմինները աշխատում են պարգեւավճարների համակարգով։ Աշխատավարձերը բավականին ցածր են եւ դրանք փոխհատուցվում են պարգեւավճարներով։ Քաղաքապետարանում ցանկացել են գնալ առավել ուղիղ ճանապարհով եւ այդ պարգեւավճարները միացնել աշխատավարձին, ինչն աշխատակիցներին առավել մեծ վստահություն կհաղորդի՝ կապված եկամուտների հետ ու խթան կդառնա առավել արդյունավետ աշխատելու համար։ «Գոյություն ունի հաստատված բյուջե, որտեղ կա հաստատված պարգեւավճարների չափ, եւ այս աշխատավաձերի բարձրացումը տեղավորվելու է այդ բյուջեի մեջ, ու հավելյալ գումարներ չեն նախատեսվելու»,- ընդգծեց Մարությանը։ Նախագծով առաջարկվում է բարձրացնել 1700 աշխատակցի աշխատավարձ։ Դա նշանակում է այդքան ընտանիք եւ մոտավորապես 7 000 մարդ առավել ապահովված է լինելու։ Աշխատավարձերի բարձրացումը կարեւորելով՝  քաղաքապետ Հայկ Մարությանը փաստեց, որ այդ դեպքում աշխատակիցները կմտածեն միայն իրենց աշխատանքի մասին, կկարողանան հիպոթեկ վերցնել՝ առանց մտահոգվելու՝ այս ամիս կլինի պարգեւավճար, թե չէ։ «Մենք կկարողանանք սկսել բարձր որակավորում ունեցող կադրերի հավաքագրումը»,- նաեւ կարեւորեց Հայկ Մարությանը։ Առայժմ, ըստ նրա, բարձրակարգ մասնագետները խուսափում են այդ աշխատանքից, որքան էլ նշվում է, որ աշխատավարձից բացի կլինի նաեւ պարգեւավճար։ Դա նրանց թվում է անհաստատ մի բան։ Մարությանը հայտարարեց, որ ի սկզբանե պահանջել է չբարձրացնել իր աշխատավարձը։ Հիշեցրեց, որ պարգեւավճար էլ մինչ այս չի ստացել ու չի ստանալու։ «16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ եւ բավականին ապահովված մարդ եմ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ինքն այսեղ է՝ միայն հեղափոխության արժեքներն ու սկզբունքները պաշտպանելու համար, իսկ աշխատավարձն իր համար հարյուրերորդական հարց է։ Բայց իրավաբանները, որոնք «էմոցիաներով չեն առաջնորդվում, այլ հավատում են միայն թղթին», քաղաքապետին իրավական հիմնավորումներ են ներկայացրել, որ առանց իր աշխատավարձը բարձրացնելու հնարավոր չի լինի դա անել ցածր օղակներում։ Ի վերջո որոշում է կայացվել քաղաքապետի աշխատավարձը 400 հազար դրամի փոխարեն նախատեսել 800 հազար, բայց նաեւ որոշվել է, որ լրացուցիչ այդ 400 հազարը Հայկ Մարությանը չի ստանա այլ կհատկացվի համայնքումանցկացվող որեւէ բարեգործական միջոցառման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր