00:00:00

Արցախում տարած հաղթանակը և բանակաշինության բոլոր նվաճումները ձերն են. նախարարը՝ վետերաններին

19:17, 07 մայիս 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ վետերանները հավաքական նույն կերպարով, նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով դեռ շարունակելու են կրթել հայրենիքի մարտիկների նորանոր սերունդներ: «Հարգարժան վետերաններ, ձեր հաղթանակի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից: Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում: Ուզում եմ համոզված լինեք, որ Արցախում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները, նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ձեռքբերումները հավասարապես ձերն են: Դրանք ճյուղեր են, որոնք աճել են հզոր արմատից, իսկ այդ արմատը դուք եք»,- ընդգծել է  Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է վետերաններին հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը մի շարք վետերանների պարգևատրել է խոհրդանշական հուշամեդալներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր