00:00:00

Մանվել Գրիգորյանի պաշտպանների դիմումի հիման վրա քրգործ չի հարուցվել. ԱԱԾ-ն մերժել է

19:15, 07 մայիս 2019 Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի՝ Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված գործ հարուցելու դիմումի հիման վրա ԱԱԾ-ն որոշում է կայացրել՝ քրեական գործի հարուցելը մերժելու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա. Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը մարտի 26-ին դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Պաշտպանական կողմը պնդում էր, որ Գրիգորյանի առողջության գնահատականի վերաբերյալ եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով այդ պահին ազատված է եղել այդ պաշտոնից։ «Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր՝ արդյո՞ք նշված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, եթե այո, ապա՝ երբ եւ ինչ հոդվածով: Հետաքրքրվել էինք նաեւ՝ հարցաքննվե՞լ է արդյոք հիշյալ նախկին պաշտոնատար անձը, եւ եթե քննությամբ հաստատվել է փաստաբանի մատնանշած հանգամանքը, ապա նրան մեղադրանք առաջադրվե՞լ է, եւ կա՞ն քրեական գործով այլ մեղադրյալներ։ Նշված հաղորդման հիման վրա գործ չհարուցելու պարագայում խնդրել էինք նշել դրա հիմքը։ ԱԱԾ-ի պատասխանում ասվում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի հաղորդման առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Խաչատրյանից. «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Սերգեյ Խաչատրյանը Մ.Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ստորագրելիս ազատված է եղել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից, սակայն հաշվի առնելով, որ վերջինս դեռևս շարունակել է հանդես գալ որպես միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ուստի եզրակացությունը ստորագրելիս գործել է օրենքի և իր լիազորությունների շրջանակներում»: Վերոհիշյալ տվյալների առկայության պայմաններում 11.04.2019 թվականին վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր