00:00:00

«Սուխոյ ատկազ»․ բախում հնի և նորի միջև

19:05, 07 մայիս 2019

Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում երեկվանից քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի երկու պատգամավորների «ապրելակերպը»։  Խոսքը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ Արսեն Ջուլֆալակյանի եւ Հայկ Սարգսյանի մասին է։ Նախ, մինչեւ նրանց կատարածին անդրադառնալը, նշենք, որ վերջին մեկ տարում ընդունված է ասել, որ Հայաստանը նոր է, որտեղ մերժված են ոչ միայն աձինք, այլ նաեւ նախկին արատավոր բարքերը։  Սակայն որքան էլ գործող իշխանությունները պնդեն, որ մեր երկրում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, հասարակությունը պարբերաբար առերեսվում է այնպիսի իրողությունների հետ, որոնք  նրանց ստիպում են հիշել թեկուզ մեկ տարի առաջ տեղի ունեցող դրսեւորումները։ Երեկ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն, որ քաղաքացի Սերգեյ Մխիթարյանը ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ ծեծի է ենթարկվել ըմբիշներ՝ հայր և որդի Լևոն ու Արսեն Ջուլֆալակյանների կողմից։ Վերջինս նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը շտապեց հերքել, որ ինքն ու իր հայրն առնչություն ունեն Երևանի ստորգետնյա ավտոկայաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ Սերգեյ Մխիթարյանն իրենց սրճարանի սեփականատերն է: «…Սերգեյ Մխիթարյանը մեզ հետ միասին սրճարանի համասեփականատերն է, և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրեն զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց՝ ճնշումը բարձրացել էր), կանչել ենք շտապօգնություն և տեղափոխել հիվանդանոց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը: Վերջինիս «սուխոյ ատկազը» շատերին է հիշեցրել նախկին համակարգի տարբեր մարդկանց, որոնց անունները կապվում էին աղմկահարույց դեպքերի հետ՝ ընդհուպ մինչեւ սպանություններ, բայց նրանք Ջուլֆալակյանից  պակաս խելացի չէին, եւ անմիջապես հերքում էին իրենց հնարավոր մասնակցությունը տվյալ միջադեպին։ Իրավապահներն էլ բնականաբար ընթացք չէին տալիս գործին։ Հիմա ինչո՞վ է տարբերվում Հայաստանը օրինակ 2014 թվականի Հայաստանից, երբ ծեծի էր ենթարկվում այդ ժամանակ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր կարող են բազմաթիվ փաստեր բերել, որ տարբերություններ կան, սակայն ձեռագիրն է նման՝ չոր «ատկազը»։ Նույն օրը համացանցում ակտիվորեն քննարկվում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հայկ Սարգսյանի անձը։ Պատգամավորը  Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա է վարել Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։ Բնականաբար, Սարգսյանը  տվել է հերթապահ դարձած  պարզաբանում. նա ասել է, թե մեքենան պատկանում է ընկերոջը։ Արդյո՞ք կան նմանություններ ասենք Սերժ Սարգսյանի եղբորդու՝ Հայկ Սարգսյանի եւ պատգամավոր Հայկ  Սարգսյանի միջեւ։ Երկուսն էլ սիրում են «օլիգարխիկ կայֆեր»։ Դարձյալ կգտնվեն մարդիկ, ովքեր երկու Հայկ Սարգսյանների միջեւ  հազարավոր տարբերություններ կնշեն։ Կանխելով դրանցից մեկը, նշենք, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի զարմիկի, պատգամավոր Հայկ Սարգսյանը  երկար է քայլել, իսկ ինչպես հայտնի է օրենքի առաջ հավասար են բոլորը, բայց առավել «հավասար»՝ ավելի շատ քայլածները։ Չէ Հայաստանը նույնն է, պարզապես հին տերերն են փոխվել, իսկ նորերը խաղում են հին դերերը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր