00:00:00

Ծառուկյանը մանդատը վայր կդնի, երբ իր պատկերացրած երկիրը ունենանք, որտեղ բոլորի դեմքին ժպիտ կլինի

16:20, 07 մայիս 2019

Պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, հավատ, որովհետեւ ցանկացած ծրագիր, ներդրում նայում ա ծանոթությանը, վստահությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ այսօր բիզնեսը քաղաքականությամբ պաշտպանելու անհրաժեշտություն չկա, ինչպես պնդում է կառավարությունը։ Ըստ Ծառուկյանի՝ դա կապ չունի, միեւնույն է՝ պետք է ծանոթություններ լինեն։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու վերաբերյալ հայտարարությունն ի գիտություն կընդունի եւ հարցը կփակվի, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց, թե իր պատասխանը բոլորի համար լիարժեք ներկայացված է․ «Ոչ միայն պարոն Միրզոյանը, ամբողջ հանրության համար, դիմողների համար, որոնք անհիմն են, եւ իմ պատասխանը եւ քաղաքական, եւ իրավական, բոլոր պաատասխանը լիարժեք, բարձր մակարդակով ներկայացված է։ Այդպիսի խոսակցությունները դա վնաս են պետությանը, ժողովրդի ներդրմանը, այս 15 օրվա անհիմն լարվածությունը, մեջը ոչ մի բան չկա։ Այո, Ծառուկյանը հանձնել ա կառավարման, բոլորը գիտեն, Ծառուկյանը կառույցներում տարիներով չի գնում, ազդում ա, որ այո այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն կա, որ 12-18 ներդրողներ, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթնանա, որոշ անհիմն հայտարարություն անի, ներդրողը պետք է վստահ լինի, գնահատված լինի, հավատք ունենա, այս տիպի մանր-մունր խոսակցությունները, կամ կարող է տեղից հելնողը վատ ա քնել, չգիտեմ ինչ երազ ա տեսել, կարող ա քնի հելնի, մի հատ անհիմն եզրակացություն անի։ Ես ոչ թե ուզում եմ արդարանամ, այլ ես սիրում եմ իմ երկիրը, որ մեր երկիրը զարգանա, ծաղկի, ներդրում լինի»,-ներկայացրեց Ծառուկյանը։ Հարցին՝ պատգամավորների մոտ կասկածներ առաջացան, թե Ծառուկյանը բիզնեսով է զբաղվում, վերջինս պատասխանեց, որ դրանք կասկածներ չեն, այլ նախանձ․ «Դա կասկած չի, դա նախանձն ա, որ իրենք չեն երեւում, ոչ մի բան չեն կարողանում անել, գալիս են, ուզում են Ծառուկյանի հետ անեն։ Ես ինչ անեմ, որ ներդրողները գնում են տարածք, ժողովուրդը չի թողում, ասում են՝ ոչ, անցյալ տարի մեզ խաբել են, ասում են՝ Ծառուկյանի հետ ենք, թող գա, ես գնում եմ, ասում եմ՝ մեր գործընկերներն են, ես գործընկեր եմ, ասում են՝ չէ, Ծառուկյան ջան, քո խոսքը պետք ա լինի, ես էլ ասում եմ՝ ես պատասխանատու եմ։ Իսկ տվյալ խոսացողները ոչ հարեւանին օգնած կան, ոչ երկրին։ Ես դաժե գիտեմ՝ մյուս քայլը ինչ են անելու»։ Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը մանդատից չի պատրաստվում հրաժարվել, եւ կհրաժարվի այն ժամանակ, երբ իր պատկերացրած երկիրը ունենանք, որտեղ բոլորի դեմքին ժպիտ կլինի․ «Ծառուկյանի մանդատը․․․ այսօր երկրի բոլոր խնդիրները լուծել ա, ասենք ներդրումները արել ա, ժողովրդի վիճակը լավացել ա, Ղարաբաղի խնդիրը լուծված ա, էսօր ամենակարեւորագույն խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն է։ Եթե իմ պատկերացրած երկիրը լինի, բոլորի դեմքին ժպիտ լինի, ես ինքնակամ կհրաժարվեմ»։ Ըստ Ծառուկյանի՝ մեր ժողովուրդը լավն է, ուղղակի մի քիչ վատացել է, որովհետեւ պարտքերն են շատ, եւ բոլորը ամսվա վերջում սպասում են պարտքերը փակելու օրվան, ինքն էլ ցանկանում է մեր ժողովրդի համար մի լավ բան անել։ ԲՀԿ ղեկավարն ասաց, որ ինքը նաեւ հաջորդ քայլերից է տեղյակ, թե ում հաջորդ քայլերից՝ պատգամավոր-սեփականտերը չհստակեցրեց, միայն ասաց, որ չի ուզում հավատալ, թե իր գործունեության վերաբերյալ վերջին շրջանում ծավալվող քննարկումները իշխանության կողմից են․ «Բոլորի քայլերն էլ կանխատեսելի են»,- մասնավորապես ասաց Ծառուկյանը՝ բողոքելով, որ լրագրողներն էլ իրեն լավ հարցեր չեն տալիս, չեն հարցնում Ծառուկյանի՝ կառուցվող շենքերի մասին, ներդրումներ բերելու մասին եւ այլն։ Հիշեցնենք՝ Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջերս դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից եւ քրեական հետապնդում հարցուցել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ ՔՈ ՍԴԿ-ն իր դիմումին կցել էր նաեւ տեսանյութեր, որտեղ Ծառուկյանի խոսքից ակնհայտորեն ենթադրելի է, որ խոսում է իր բիզնեսների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր