00:00:00

«Ապշած դուրս ենք եկել քաղաքապետարանից»․ վիճաբանության մանրամասները

03:29, 07 մայիս 2019

  Այսօր՝ ժամը 20:00-ին, Երևանի քաղաքապետարանում  պետք է տեղի ունենար Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  հերթական նիստը այն դահլիճում, որտեղ  իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ինչի արդյունքում հանձնաժողովի անդամները՝ «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից,  մոտ մեկ ժամ սպասել են,  որ դահլիճն ազատվի, որպեսզի  մասնակցեն   նիստին։ Նիստը, սակայն, այդպես էլ չի կայացել, փոխարենը թեժ վիճաբանություն է տեղի ունեցել։ Irakanum.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու  «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին,  պատմեց․ «Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նիստի օրակարգում էր  բարձր աղմուկ բարձրացրած, ոչ նորմալ հաստիքացուցակի  քննարկումը, ինչպես նաև  բյուջեի քննարկումը։ Ժամը 20-ին մոտեցանք տվյալ դահլիճին ու պարզեցինք, որ քաղաքապետն իր խմբակցության   հետ հանդիպում է անկացնում։ Ներսից դուս եկան, ասացին՝ հիմա կավարտենք, մի քանի րոպեից ավարտում ենք, ներողություն ենք խնդրում․ մենք դարձյալ սպասեցինք և 20։30   «Իմ քայլը» խմբակցության անդամներից մի քանիսը դուրս եկան ու ասացին, որ  հանձնաժողովի նիստն ուղղակի չի կայանալու։ Այսինքն՝ սա ի՞նչ վերաբերմունք է ավագանու մյուս անդամների նկատմամբ։ Այնտեղ էին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի գլխավորությամբ,  ողջ կազմով ներկա էինք նաև մենք, որովհետև   չափազանց կարևորում էինք այն նախագիծը, որը   մայիսի 8-ին գալու էր օրակարգ, բայց, ցավոք, այդ նախագիծը, երևի, չէին  կարևորում  «Իմ քայլը» խմբակցության անդամները։ Նրանք փաստացի բոյկոտեցին հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու էր իրենց բերած, իրենց քաղաքապետի  բերած նախագիծը։  Դրան ուղղակի այլ բնորոշում տալ չի կարելի․  «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց քաղաքապետի  բերած նախագծի նիստը»։ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը  նշել էր, որ իրեն «Իմ քայլը» խմբակցության անդամներն ասել են  «դո'ւրս արի ստեղից, արա՛»։ Անդրադառնալով այսօրվա միջադեպի այս դրվագին՝ Թեհմինա Վարդանյանը նշեց՝ ուղղակի ապշել են կատարվածից։ «Այո՛, քաղաքապետարանում  «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ՝ տղամարտիկ, կորցրել են չափի զգացողությունը, դաստիարակությունը, և գնալով այդ ամենաթողության մթմոլորտը քաղաքապետարանում խորանում է։ Մենք դա օր  օրի ավելի ենք զգում։ Երբ տիկին   Խաչատրյանը դահլիճի դուռը բացեց՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նրանք ծաղրում են  մյուսներին,  և եթե հանձնաժողովի նիստ են հրավիրել ժամը 20-ին, ինչո՞ւ նիստը չի կայանում, այդ ժամանակ ներսից ավագանու որոշ անդամներ ձեռքերով, հրմշտելով մոտեցան տիկին Խաչատրյանին։ Ասում էին դուրս արի ստեղից, գնա ստեղից, մնացած մանրամասների մասին արդեն տիկին Խաչատրյանը նշել է։ Օր օրի «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ  անցնում են թույլատրելի բոլոր սահմանները», -  նշեց Թեհմինա Վարդանյանը։ Հարցին՝  արդյո՞ք ավագանու անդամներն իրար հարվածել  են, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց՝ տարածքում  գտնվող մարդիկ փորձեցին այդ ամենից զերծ պահել և ինչպես ասում են, բանը դրան չհասավ։ «Յուրաքանչյուրը մեկը մյուսին զսպեց, բանը չհասավ դրան, բայց  ամենևին չէր բացառվում, որ «Իմ քայլը»  խմբակցության անդամները դրան էլ հասնեին։ Մենք ապշած դուրս ենք  եկել քաղաքապետարանից։ Օր օրի ապշելու առիթները շատանում են։ Չգիտեմ՝ այսպես ուր ենք գնալու ու ինչ կետի ենք հասնելու մենք,և ինչ  կետի են հասցնելու մեր գործող իշխանությունները մայրաքաղաքը», - նշեց  Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր