00:00:00

Արցախի խաղաղ զարգացմանը նվիրված «Վերադարձ» վավերագրական ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

03:08, 30 ապրիլ 2019 Մշակույթ

Արցախի ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի մասին պատմող ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի հեղինակած «Վերադարձ» ֆիլմը կբարձրանա հայաստանյան մեծ էկրան։ Ֆիլմն, ըստ ստեղծագործական խմբի, առանձին անհատների միջոցով ներկայացված է արցախյան առօրյան, մարդկային ոգու վեհությունը և հայրենիքում արարելու ծարավն ու ձգտումը: Ֆիլմի սցենարը գրել է ռուս հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով: 1992-1994 թթ. պատերազմի տարիներին Սվետլանա Կուլչիցկայան Արցախում էր, և արցախցիների հետ հավասար վերապրելով պատերազմի բոլոր դժվարություններն ու զրկանքները՝ նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք» («Живите», 1992թ.), «Գնդակոծությունից հետո» («После обстрела», 1992թ.), «Խաղաղության գինը» («Цена покоя», 1994թ.): Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը: «Ֆիլմի գաղափարախոսությունը կառուցվում է մեկ գլխավոր մտքի շուրջ. միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան և դարձնել հայրենի հողը ծաղկուն այգի: Արցախը արդեն 27 տարի անընդմեջ հենց դա է ապացուցում համաշխարհային հանրությանը»,- նշվում է ստեղծագործական խմբ հաղորդագրությունում: 90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին և ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այստեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում: 2019 թ. ապրիլի 30-ին, ժամը 15։00-ին «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում տեղի կունենա «Վերադարձ» վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիսը, իսկ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա «Վերադարձ» ֆիլմի շնորհանդեսը։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր