00:00:00

Էժան խոսակցություններ են. իշխանության ներկայացուցիչները՝ թանկ միջոցառման մասին

20:09, 29 ապրիլ 2019

Քաղաքացու օրվա հետ կապված՝ քննադատական կարծիքներ հնչեցին այն մասին, որ տոնը նշելու համար՝ պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները կարելի էր ծախսել արդյունավետորեն։ Մասնավորապես, ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին»։ Բացի այս՝ մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպող ընկերություններից որոշները մեղմ ասած՝ այդ գործի վարպետը չեն եղել, ավելին՝ կան կազմակերպություններ, որոնք ընդամենը մեկ աշխատակից ունեն։ Իսկ թե միջոցառումներն ինչպիսին էին, այդ մասին կարող են դատել քաղաքացիները։ Ընդգծենք, որ այդ օրը երեկոյան Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում հնչում էր ակումբային երաժշտություն․ կենդանի կատարումներ չկային, ներկա էր DJ: Հարց է առաջանում․ ո՞վ կամ որքե՞ր էին ընտրել այդ երգացանկը․ մի՞թե իմաստ չուներ, որ քաղաքացու օրը Ազատության հրապարակում հնչեր նաև ազգային երգ-երաժշտություն կամ այլ ժանրի ստեղծագործություններ հնչեին։ Բացի այդ՝ մամուլը գրում է՝ քաղաքացու օրը կազմակերպող ընկերություններից որոշները պարկանում են ՔՊ-ականների մտերիմներին․ politik.am-ը գրում է՝ օրինակ՝ Այսպես օրինակ «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերոջը՝ Գևորգ Աղաբալյանին։ «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մյուս ընկերոջը՝ Ալեքսանդր Մհերյանին։ Տոնական միջոցառումներ կազմակերպող ընկերությունների թվում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ևս պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերներին։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ irakanum.am-ի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանը նշեց՝ մամուլում կարդացել է վերոնշյալ հրպարակումները։ «Նոր Հայաստանում, միանշանակ, բացառված է ծանոթ-բարեկամով ինչ-որ բան անելը։ Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները, ում անունները որ գրված են, որքանով տեղյակ եմ, չէի ասի, թե Էդուրադ Աղաջանյանի հետ ընկերներ են․ նրանք հեղափոխությունից հետո են ծանոթացել։ Այդ մարդկանց ես և էդուարդ Աղաջանյանը նույն ժամանակահատվածում ենք չանաճել՝ հեղափխության օրերին, հեղափոխությունից հետո, այսինքն՝ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, էդուարդ Աղաջանյանը, վստահ եմ, շատ ավելի մտերիմ ընկերներ ուներ ու կարող էր, այսպես ասած, այդ տրամաբանությամբ գործը նրանց տալ․ այնպես որ, դրանք սին խոսակցություններ են»։ Հրաչյա Հակոբյանը նշեց՝ քաղաքացու օրը տոնել է մայրաքաղաք Երևանում, օրը շատ տպավորիչ է եղել։ «Շատ տպավորիչ էր նաև այն, որ այդ տոնը նշվեց Հայաստանի ամբողջ տարածքում, այսինքն՝ ինչպիսին հեղափոխությունը եղավ ապակենտրոնացված, այնպես էլ քաղաքացու օրը եղավ ապակենտրոնացված․ բոլոր մարզերում միջոցառումներ էին կազմակերպվել և կարծես, դա շատ բարձր մակարդակով էր արված», - ընդգծեց Հրաչյա Հակոբյանը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Սոֆիա Հովսեփյանն էլ նշեց՝ Քաղաքացու օրը նշել է Շիրակի մարզում՝ Գյումրիում և Արթիկում։ «Տպավորություններս ոգևորիչ էին։ Շատ ուրախ եմ, որ այդ օրը եղավ, քանի որ դա, կարծես թե, առիթ էր, որ մարդիկ հավաքվեին, հիշեին մեկ տարի առաջվա այդ օրերը՝ կարևերելով իրենց խնդիրներն ու ձեռքբերումները։ Ամենակարևորն այն է, որ բոլորի դեմքերին այն նույն ժպիտներն էին, որոնք կային մեկ տարի առաջ․ դրանք հաղթանակած ժպիտներ էին, այսպես ասած՝ ձեռքներումների ժպիտներ», - ասաց Սոֆիա Հովսեփյանը՝ նշելով՝ ուրախալի է, որ քաղաքացու մտածողության մեջ փոփոխություն է եղել։ «Անձն իրեն արդեն իրեն քաղաքացի է զգում, իր երկրի տերն է զգում, իսկ դա արդեն ամենամեծ հաղթանակն է, և դրանով պիտի պայմանավորվեն հետագա բոլոր հաղթանակները», - նշեց Սոֆիա Հովսեփյանը։ Անդրադառնալով մեր թղթակցի դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպող ընկերություններից որոշները պատկանում են ՔՊ-ականների մտերիմներին, մասնավորապես՝ Էդուարդ Աղաջանյանի մտերիմների անուններն են նշվում, Սոֆիա Հովսեփյանը պատասխանեց․ «Ես անգամ հարկ չեմ համարում նման բամբասանքային լուրեր կարդալ, քանի որ կարծում եմ՝ մարդիկ չեմ սիրում առողջ ապրել։ Հայաստանն այնքան փոքր է, որ եթե որևէ մեկը որևէ մրցույթի մասնակցի, հաստատ, ինչ-որ կերպ, 7-րդ պորտով կգտնեն ինչ-որ բարեկամ, որովհետև այն ազգն ենք, որ ինչ-որ տեղով ինչ-որ մեկին բարեկամ ենք։ Եվ էժան խոսակցություններ են այն քննարկումները, թե ով է ում բարեկամը․․․ Հետաքրքիր է՝ Էդուարդ Աղաջանյանը տեղյա՞կ է, որ որ կա այդ կազմակերպությունը, որը կազմակերպել է այդ միջոցառումը։ Նոր Հայաստանում ես նման բաները բացառում եմ, իսկ եթե կա, դատապարտում եմ։ Եթե ինքս տեսնում եմ նման բաներ, այդ մասին ուղղակի բարձրաձայնում եմ ու կանխում», - եզրափակեց պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր