«Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը…
Ես ընդամենը մեկ հայ ունեի…
Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:
Ողջ ընտանիքն առանձնահատուկ հարգանք ու սեր էր տածում նրա նկատմամբ: Միշտ խորհուրդ էին հարցնում նրանից, հաշվի առնում նրա կարծիքը: Հատկապես աչքի էր զարնում խստաբարո հորս` նրա նկատմամբ ունեցած հարգանքն ու վստահությունը: Մենք հասակ առանք: Մեծացանք ու հետո իմացանք, որ նա մեր իսկական տատիկը չէր, որ նա եկել էր մեր հարազատ տատիկի մահվանից հետո: