00:00:00

Առաջիկա ավտոերթով ցույց ենք տալու բոլորին, որ հայ ժողովուրդը միասնական է և Արցախի մանդատը պատկանում է բացառապես ՀՀ-ին

23:07, 27 ապրիլ 2019

Irakanum.am-ի հարցազրույցը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ: -Ի՞նչ պատճառով որոշվեց  ավտոերթ իրականացնել դեպի Արցախ և ներկայումս ինչպիսի՞ն են արձագանքները: -Ավտոերթը նպատակ ունի ցույց տալու հայ ժողովրդի միասնականությունը, ինչի համար առիթներ պետք չեն: Սակայն այսօր նաև տարածաշրջանային զարգացումները մեզ հուշում են, որ ճիշտ ժամանակն է ցույց տալու, որ հայ ժողովուրդը միասնական է և թույլ չի տալու Արցախի հարցում որեվիցէ օտարի ներգործություն ի վնաս ՀՀ-ի: Այսօր աշխարհի տարբեր տարածաշրջաններում նկատվում է ռուսական ազդեցության թուլացում և Ռուսաստանի նկատմամբ առկա են լուրջ ճնշումներ, ինչի հետևանքով ՌԴ-ն փորձում է իր դիրքերը ամրապնդել Այսրկովկասում: Օգտվելով նաև այն առիթից , որ վերջին շրջանում ՀՀ-ի կողմից  տեղի է ունենում Արցախի օտարացում   ՝ ՌԴ-ն փորձում է տարբեր միջոցներով իր ազդեցությունը մեծացնել Արցախի վրա: Վերջին շրջանում ի հայտ են գալիս գործիչներ, ովքեր հայտարարում են, որ Արցախի հարցի լուծման մանդատը պետք է տրամադրվի Ռուսաստանին : Արցախի մարզի ղեկավար անդամները հայտարարում են, որ Հայաստանի այն քաղաքացիները , ովքեր համարում են Արցախը ՀՀ մարզ, չհատեն հայ-արցախյան այսպես կոչված սահմանը: Բակո Սահակյանը ապրիլյոթյան իր շնորհավորանքում հայոց լեզվում հորինում է նոր բառ՝ արցախուհիներ, շնորհավորում նրանց տոնը, որպեսզի հատուկ ընդգծի , որ իբրև Արցախը տարանջատված է Հայաստանից և նրա այսպես կոչված նախագահը շնորհավորում է միայն «արցախուհիների»  տոնը: ՀՀ ԱԱԾ պետը համագործակցության հուշագիր է ստորագրում ըստ էության իր ենթակայության ստորաբաժանում հանդիսացող,  այսպես կոչված, Արցախի Հանրապետության ԱԱԾ պետի հետ, նպատակ ունենալով  ցույց տալու , թե իբրև գոյություն ունի ՀՀ-ից տարանջատված Արցախ, որն ունի Հայաստանի ԱԱԾ-ից տարանջատված ԱԱԾ: Վերը նշված գործողությունները թույլ են տալիս ենթադրելու, որ ՌԴ-ն իր ազդեցության տակ գտնվող անձանց և կառույցների միջոցով  փորձում է առանձնացնել Արցախը Հայաստանից և մտցնել իր վերահսկողության տիրույթ: Հիշելով որ բանակցային գործընթացի առաջին իսկ օրվանից Ռուսաստանը փորձել է զորքեր մտցնել Արցախի տարածք , սակայն չի կարողացել՝ նախևառաջ արցախաբնակ հայության անհամաձայնության պատճառով, և համադրելով վերը նշված գործողությունները՝ կարող ենք գալ այն եզրահանգման , որ ՌԴ-ն փորձում է  իրականացնել իր այդ վաղեմի ծրագրերը:Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը մեկօրյա գործողությունով Հայաստանը ԵԱՏՄ մտցնելուց հետո ջանքեր է գործադրում ԵԱՏՄ կազմ մտցնել նաև Ադրբեջանին, սակայն հասկանալի է, որ Ադրբեջանը պահանջում է  դրա գինը, իսկ դրա գինը Արցախն է: Հաստատելով իր ազդեցությունը Արցախի նկատմամբ՝ ՌԴ-ն այն կնվիրաբերի Ադրբեջանին և այդ կազմով Ադրբեջանը կմտցնի ԵԱՏՄ, ինչը արմատապես հակասում է ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերին:Այս ամենը թույլ չտալու համար անհրաժեշտ է ցույց տալ բոլորին, որ հայ ժողովուրդը միասնական է և Արցախի մանդատը պատկանում է բացառապես ՀՀ-ին: -3 օրերի ընթացքում ի՞նչ եք պլանավորում անել Արցախում և այդյո՞ք ձեր կողմից նախատեսվող քայլերը խաղաղ բնույթ են կրելու: -Մայիսի 25-28-ը, շրջելով Արցախի տարբեր քաղաքներով և գյուղերով , ունենալու ենք հանդիպումներ տեղի բնակչության հետ քննարկելու  տվյալ տարածաշրջանին, Արցախին և ամբողջ Հայաստանին վերաբերող հարցեր: Պարզ է, որ այդ այցելությունները , հանդիպումները և քննարկումները ունեն խաղաղ բնույթ ու գտնվում են մարդկանց ազատ տեղաշարժի , ազատ արտահայտման և սեփական երկրում գերագույն իշխանություն ունենալու իրավունքների շրջանակներում : -Մտավախություն չկա, որ բերձորյան դեպքերի կրկնություն տեղի կունենա, և եթե լինի ի՞նչ քայլերի կգնաք: -Բերձորյան դեպքերը տեղի են ունեցել Հայաստանյան ավտորիտար իշխանությունների հրահանգով և նրանց ենթակա կառույցների ուղակի մասնակցությամբ: ՀՀ-ում  տեղի ունեցած փոփոխությունները թույլ են տալիս համոզմուք  ունենալ , որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ այդպիսի ահաբեկչական ակտերը բացառվում են: Հարկ է հիշեցնել, որ բերձորյան ավտոերթից հետո Սասնա Ծռեր համահայկական կուսկացությունը ունեցել է ավտոերթ դեպի Արցախ 2018 թվականի նոյեմբերին, որին Արցախից դիմավորել  են աղ ու հացով և ավտոշարասյունը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շրջել է Ստեփանակերտի և Շուշիի փողոցներով: -Ձեր կուսակցությունը պարբերաբար հայտարարում է Արցախը ՀՀ մաս դարձնելու մասին, ինչպե՞ս եք դա պատկերացնում, ինչպե՞ս պետք է պրոցեսը գործնականում տեղի ունենա: -Հարկ է հիշեցնել, որ դեռ ՀՀ անկախության հռչակագրով , որը հանդիսանում է Սահմանադրության բաղկացուցիչ մաս, Արցախը միացված է ՀՀ-ին: Հիշեցնենք նաև, որ Արցախի բնակչությունը դեռ 1988 թվականին ինքնորոշվել է և իր ինքնորոշումն արտահայտելով հրապարակներում՝ պահանջել է Արցախը վերամիավորել ՀՀ-ին: Այսօր Արցախը հանդիսանում է ՀՀ մարզերից մեկը , որտեղ մարդիկ կրում են ՀՀ անձնագիր և գործում է ՀՀ պետական դրամը: Հաշվի առնելով արդի իրողությունները՝ Արցախի ՀՀ կազմում գտնվելու փաստը դե յուրե վերահաստատելու մեխանիզմները մի քանիսն են , որոնք պետք է դառնան հանրային լայն քննարկման առարկա, ինչի արդյունքում դուրս կբերվի այն ամենաօպտիմալ բանաձևը, որով կվերահաստատվի Արցախի ՀՀ կազմում գտնվելու փաստը: -Չեք կարծում, որ այդ պրոցեսն իսկզբանե կարող է ձախողվել՝ հաշվի առնելով, որ Արցախով հետաքրքրված են գերտերությունները և թույլ չեն տա միացման պրոցես տեղի ունենա: -Արցախը Հայաստանին վերամիավորելու որոշումը կայացվել է հայ ժոողովրդի կողմից  և որեվիցէ գերտերություն ստիպված էր և ստիպված է հաշվի նստելու այդ որոշման հետ: Արցախյան շարժման սկզբում, երբ եզակի թվով մարդիկ բարձրաձայնում էին Արցախը Մայր Հայստանին վերամիավորելու մասին, շատերը նրանց համարում էին ռոմանտիկներ և ասում, որ Սովետական Միությունը դա երբեք թույլ չի տա: Արցախյան պատերազմի սկսելուց հետո շատերն ասում էին , որ Ադրբեջանը ունի ահռելի քանակությամբ զենք,  նավթ և վայելում է ՌԴ-ի աջակցությունը, ինչի պարագայում հնարավոր չէ ազատագրել Արցախը: Սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ վերը նշված հանգամանքները չկարողացան արգելք դառնալ Արցախի ազատգրմանը: Հարկ է նշել նաև, որ որոշ գերտերություններ , ինչպես նաև մեր հարևան Իրանը խիստ շահագրգռված են , որ Արցախը լինի հայկական տիրապետության ներքո: Տիրապետելով Արցախին  Հայսստանը դառնում է տարածաշրջանային խաղացող , որի հետ հաշվի են նստելու բոլորը: Միայն Իրանի հետ սահմանի վերահսկողությունը Հայաստանին տալիս է զգալի դիվիդենտներ, ինչի կորուստը կբերի տարածաշրջանում Ադրբեջանի կշռի էլ ավելի մեծացմանը , իսկ Հայաստանի գործոնի փոքրացմանը: Այս և մի շարք այլ հանգամանքներ խոսում են այն մասին, որ այս տարածաշրջանում ՀՀ-ն առանց Արցախի գործոն լինել չի կարող և ապագայում դատապարտված է լուծարման:        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր