00:00:00

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրվող Իսրայել Սարգսյանը պնդում է, որ անմեղ է ու պատրաստ է ՄԻԵԴ դիմել

01:21, 27 ապրիլ 2019 Իրավական

Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանի (Իսո) գործով վերջինիս պաշտպանները դիմել էին վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բողոքը բավարարել է մասնակի․ առաջին ատյանի դատավճիռը մասնակի բեկանվել և փոփոխվել է: Արդյունքում սահմանվել է 19 տարի ազատազրկում։ DataLex.am դատական տեղեկատվական համակարգում ներկայացված նյութերում նշվում է՝ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ՝ ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ: Irakanum.am-ի հետ զրույցում Իսրայել Սարգսյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց․ «Ընդհանրաես, մենք պետք է դատական ակտը ստանանք, որից հետո կկարողանանք պատճառաբանված խոսել ակտի վերաբերյալ, բայց հաշվի առնելով, որ մենք գործի փաստական հանգամանքներին ծանոթ ենք և գտնում ենք, որ Իսրայել Սարգսյանի մեղավորությունը թե՛ առաջին դրվագով, թե՛ երկրորդ դրվագով ապացուցված չէ, դատական ակտը ստանալուց հետո բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան, և եթե արդյունք չլինի, դիմելու ենք ՄԻԵԴ։ Ավելի հանգամանալից ու փաստարկված մենք կխոսենք այն ժամանակ, երբ մանրամասնորեն կծանոթանանք դատարանի պատճառաբանություններին և ըստ այդմ՝ մեր հակափաստարկները կներկայացնենք հանրությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր