00:00:00

Չեխական կապիտալ. դեսպանը, մարզպետը, փոխնախարարն ու նախկին դատախազի որդին

02:09, 23 ապրիլ 2019

Հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները Չեխիայում ներդրումներ են կատարում տարբեր նպատակներով. ոմանք այստեղ բիզնեսով են զբաղվում, որոշները՝ անշարժ գույք են գնում, մի մասն էլ ո՛չ բիզնես ունի, ո՛չ գույք, բայց ընկերություն է հիմնել կամ գնել այս երկրում, ինչը, սակայն, աննպատակ չէ: Այս վերջինների շարքին կարելի է դասել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին, նրա ու որդու ընտանիքներին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին ու կնոջը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Կարեն Ղահրամանյանին կնոջ հետ, ինչպես նաեւ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդիներից Միսակ Հովսեփյանին: «Հետք»-ը նախկինում առիթ ունեցել է նշելու, որ ընկերության առկայությունը օտարերկրացիների համար հեշտացնում է Չեխիայում անշարժ գույքի ձեռքբերումը, իսկ սա էլ իր հերթին՝ քաղաքացիության ստացումը: Ընդ որում՝ նախկինում ընկերություն ունենալը (այլ կերպ ասած՝ հարկատու լինելը) պարտադիր պայման էր, որպեսզի արտասահմանցին կարողանար Չեխիայում անշարժ գույք ձեռք բերել. այսօր այդ պահանջը չկա: Մյուս կողմից, սակայն, կան նաեւ այնպիսի ընկերություններ, որոնք փաստացի չեն գործում, սակայն լուծարված էլ չեն: Դրանք ո՛չ բիզնես գործունեություն ծավալելու, ո՛չ էլ գույք ձեռք բերելու համար են հիմնվել: Եվ ուրեմն, ո՞րն է ստեղծման նպատակը: Հարցի պատասխանը թաքնված է Չեխիայի եւ շենգենյան երկրների միգրացիոն քաղաքականության մեջ: Այսպես՝ Չեխիան օտարերկրացիներին մուտքի կարճաժամկետ վիզա է տրամադրում առավելագույնը 90 օր ժամկետով կես տարվա ընթացքում: Այսինքն՝ անձը կես տարվա մեջ կարող է Չեխիայի տարածքում գտնվել մինչեւ 90 օր: Սակայն գոյություն ունեն նաեւ երկարաժամկետ վիզա ու երկարաժամկետ կացության թույլտվություն, որոնք տրամադրվում են 90 օրից ավելի ժամկետով՝ ընտանիքի վերամիավորման, կրթական, գիտական, մշակութային, գործարար այցերի համար: Ահա հենց այս դեպքում Չեխիա այցելող օտարերկրացիների շրջանում տարածված պրակտիկա է դարձել, մասնավորապես, գործարար ներկայանալը, ինչը նրանք անում են ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Մեր չեխ գործընկերների հարցմանն ի պատասխան՝ Չեխիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ իրենք քաջատեղյակ են «քողարկող» ընկերությունների միջոցով միգրացիոն համակարգը չարաշահելու փորձերին: Այդ առումով 2011-ից Չեխիայի դեսպանատները պարտավոր են անհատական զրույց ունենալ յուրաքանչյուր անձի հետ, ով ցանկանում է 90 օրից ավելի ժամկետով վիզա կամ կացության թույլտվություն ստանալ՝ պարզելու նրա այցի նպատակի մանրամասները: Ըստ նախարարության՝ այս մեթոդն ապացուցել է իր արդյունավետությունը. օրինակ՝ անցյալ տարի մերժվել է իրավաբանական անձանց (ընկերությունների) ներկայացուցիչների հայտերի 2/3-ից ավելին, որոնք ներկայացվել են բիզնես նպատակով ավելի քան 90 օրվա վիզա ստանալու համար: Իրենց հերթին մեր չեխ գործընկերները նշում են, որ լրագրողական հետաքննությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ օտարերկրացիները նման ընկերությունները կիրառում են Չեխիայում մշտական կացության թույլտվություն ստանալու համար: Ըստ նրանց՝ ընկերության առկայությունը նպաստում է կրճատել այն ժամկետը (առնվազն 5 տարի), որը կպահանջվեր կացության վերաբերյալ գործի սովորական ընթացքի դեպքում: Հայտնի է, որ Չեխիան որպես կանոն տրանզիտ տարածք է ծառայում տարբեր մաֆիոզ խմբավորումների համար: Մեր գործընկերների տեղեկացմամբ՝ մասնավորապես, բալկանյան խմբավորումների անդամներն օգտագործում են վերը նշված հնարավորությունը՝ Չեխիայում բնակություն հաստատելու համար: Մենք չենք պնդում, որ հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները, որոնց կանդրադառնանք ստորեւ, վերոնշյալ նպատակներով են ընկերություններ հիմնել կամ ձեռք բերել Չեխիայում, սակայն փաստն այն է, որ դրանց կամ տերերի անուններով չկա անշարժ գույք, բացի դրանից, դատելով փաստաթղթերից, կարելի է ասել, որ ընկերությունները չեն գործում, սակայն լուծարված էլ չեն: Մյուս կողմից՝ պաշտոնյաները չեն հայտարարագրել իրենց բաժնեմասերը չեխական ընկերություններում, իսկ դա օրենքի պահանջ է:

Դեսպան Թումանյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու նրա ընտանիքի անդամները Պրահայում ընկերություն են հիմնել դեռ 2008-ին: Թումանյանը 2000-2006 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր: 2006-ից մինչեւ 2015 թ., երբ նշանակվել է Իրանում դեսպան, եղել է իրավաբանական ծառայություններ մատուցող «Լիսամ» ՍՊԸ (գրանցված է Երեւանում) խորհրդի նախագահը: Այս ընկերությունը հիմնադրվել է հենց 2006-ին Ա. Թումանյանի կողմից: Վերադառնանք Պրահա: «Unitezza Group» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008-ի նոյեմբերի 12-ին: Հիմնադիրները 4-ն են՝ Արտաշես Թումանյանը (52 %-ի փայատեր), նրա կինը՝ Անահիտ Ստեփանի Շահվերդյանը (16 %), դուստրը՝ Լիլիթ Թումանյանը (16 %), եւ փեսան՝ Կարեն Լեւոնի Գրիգորյանը (16 %): Լ. Թումանյանը նաեւ ընկերության տնօրենն է: «Unitezza Group»-ի կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (4,5 մլն դրամ): Ի սկզբանե ՍՊԸ-ի գործունեության տեսակներ են նշվել առեւտրի եւ ծառայությունների բնագավառում միջնորդական գործունեությունը, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, անշարժ գույքի, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությունը, սակայն 2012-ից հետո մնացել է միայն վերջինը: 2008-ի նոյեմբերից մինչեւ 2009-ի դեկտեմբեր ընկերությունը գրանցված էր Պրահայի Կոշիրժե թաղամասում (Košíře, Zahradníčkova 1220/20a): 2009-ի վերջում դրա հասցեն տեղափոխվել է Լիբոց՝ Նաարդենսկա 666/7 (Liboc, Naardenská 666/7): Այս երկրորդ հասցեն անմիջական կապ ունի ՀՀ քաղաքացի, Պրահայի բնակիչ, փաստաբան Բագրատ Վերդիյանի հետ, ով Թումանյանների կողմից լիազորված է եղել զբաղվել ընկերության գրանցմամբ եւ այլ գործողություններով: Չեխական կադաստրի տվյալներով՝ այս հասցեում վերը նշված անձանցից որեւէ մեկը սեփականություն չունի: Ընդհանրապես, Թումանյանները եւ նրանց ընկերությունը Չեխիայում անշարժ գույք չունեն: Բայց, ինչպես տեղեկանում ենք ՍՊԸ-ի փաստաթղթերից, ընկերության գրանցման հասցեում է բնակվում Բ. Վերդիյանը: Այս փաստը ֆիքսել ենք նաեւ մենք՝ այցելելով նշված շենք (տես լուսանկարում): Վերդիյանի հետ բնակվում են նաեւ քույրը՝ Զարուհի Վերդիյանը, ու մայրը՝ Ռուզաննա Բաղդասարյանը, որոնք նույնպես ՀՀ քաղաքացիներ են: Վերդիյանները, տրամաբանորեն՝ նաեւ Թումանյանների ընկերությունը, գրանցված են ՌԴ քաղաքացի Անաստասիա Մոլետոտովային պատկանող բնակարանում: Վերջինիս ընտանիքը համատեղ ընկերություն ունի Վերդիյանների հետ (չի բացառվում նաեւ նրանց բարեկամական կապը): Չեխական առեւտրային ռեգիստրում առկա են «Unitezza Group»-ի միայն 2008 եւ 2009 թթ. փաստաթղթերը: Ըստ էության, ընկերությունն այժմ չի գործում, չնայած լուծարված չէ: Այդուհանդերձ, դա դեսպան Թումանյանին չի ազատում ՍՊԸ-ում իր ունեցած 52 % բաժնեմասը (104.000 կրոն կամ 2,4 մլն դրամ) հայտարարագրելու պարտականությունից, ինչը նա չի արել: Մասնավորապես, 2015-ին պաշտոնը ստանձնելու առիթով ներկայացրած հայտարարագրում դեսպանը նշել է մի քանի միավոր անշարժ գույքի, ինչպես նաեւ ավտոմեքենայի ու 50.000 դրամ բաժնեմաս ունենալու մասին (սա, ենթադրաբար, «Լիսամ» ՍՊԸ-ի բաժնեմասն է), սակայն խոսք չկա չեխական ընկերությունում մասնակցության վերաբերյալ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր