00:00:00

Քոչարյանի վիճակը վատ է

21:12, 20 ապրիլ 2019

Քոչարյանն   «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը» վերնագրով հոդված է հրապարակել  Euractiv.com կայքում, ուր Եվրամիությանն ու Եվրոպայի խորհրդին կոչ է արել սատարել իրեն, քանզի  ինքը միակն է, ով կարող է հանրության առաջ հաշվետու դարձնել ներկայիս իշխանություններին: «Ես հայ եմ, ով կարող է պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին»,-գրել  է Քոչարյանը՝ միաժամանակ հիշելով Դունյա Միյատովիչին, ով «ողջունել է 2008 թվականի մարտյան դեպքերի հետաքննությունը, սակայն ընդգծել է, որ գործընթացը պետք է իրականացվի` խստորեն պահպանելով  օրենքի գերակայությունը, դատական անկախությունը, թափանցիկությունը և արդար դատաքննության երաշխիքները` զերծ մնալով ենթադրյալ վրեժխնդրության, քաղաքականության կամ ընտրովի արդարադատության ցանկացած դրսևորումից»: Քոչարյանի հոդվածն աչքի է ընկնում, թերևս, երկու բանով. նախ՝ այն ուղղված է ոչ թե ռուսներին, ինչպես կարելի էր ի սկզբանե ենթադրել, այլ՝ աշխարհաքաղաքական հակառակ բևեռին, ապա՝ այն հանգամանքով, որ եվրոպացիներին Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման անհրաժեշտության մասին հիշեցնում է մի մարդ, ով ինքն է իր իշխանության օրոք լրջագույն խնդիրներ ունեցել նույն այդ դեմոկրատական արժեքների պահպանման հետ: Ընդհանուր առմամբ՝ Քոչարյանի հոդվածում տեղ գտած մտքերը կանխատեսելի բովանդակություն են կրում. նա, ինչպես միշտ, աշխարհի բոլոր մեղքերում մեղադրում է Փաշինյանին՝ կոչ անելով Եվրոպային ազատագրել Հայաստանը Երկիր մոլորակի վրա երբևիցե ապրած «ամենադաժան բռնապետից»: Անշո՛ւշտ, բավական հետաքրքրական հարցեր են ծագում՝ Քոչարյանի նամակի հետ կապված, որոնցից գլխավորը, թերևս, այն է, թե ի՞նչն է ստիպել Քոչարյանին սեփական հայացքը հառել Արևմուտքին: Արդյոք սա ակնա՞րկ է Մոսկվային, թե՞ ընդամենը փորձ՝  մոբիլիզացնելու այն իրական պոտենցիալը, որ Քոչարյանն ունի իր արտերկրյա կապերի շնորհիվ, որոնք, իհարկե, չեն սահմանափկվում միայն Ռուսաստանով: Դժվար երևակայելի է, որ Ռուսաստանի հետ այս հոդվածի բովանդակությունը համաձայնեցված չլինի: Կարելի է անգամ պնդել, որ հոդվածի հիմնական հասցեատերերի ընտրության հարցում Մոսկվան նույնպես մասնակցություն է  ունեցել՝ խորհուրդ տալով Քոչարյանին սեփական ռեպերտուարում մի փոքր թարմություն մտցնել: Դրանով մի կողմից՝ Մոսկվան ազատում է սեփական գլուխը հայաստանյան իշխանությունների հետ ավելորդ անգամ առերեսվելու գլխացավանքից, ինչի վտանգ իսկապես կարող է ծագել՝ հաշվի առնելով հատկապես օրերս Փաշինյանի կտրուկ արձագանքը ռուսական հեռուստաալիքներով տարվող քոչարյանամետ քարոզչությանն ու հակաիշխանական պրոպագանդային, մյուս կողմից՝ «մաքրվում» Քոչարյանից՝ խուսափելով հայ հանրության շրջանում ավելորդ անգամ ասոցացվել մերժելի դեմքի հետ: Այպիսով՝ Քոչարյանը կանգնած է չափազանց խրթին իրավիճակի առաջ. Ռուսաստանը չի ցանկանում անվերադարձ անցյալ դարձած գործչի ամբիցիաների պատճառով ընդհարվել Փաշինյանի հետ՝ Քոչարյանի ժամացույցի սլաքներն ուղղելով Արևմուտքի ուղղությամբ, մյուս կողմից, իհարկե, խիստ մեծ հարցականներ է  հարուցում այն, թե կոնկրետ ի՞նչ կարող է ակնկալել Քոչարյանը՝ դիմելով Եվրոպային կամ թեկուզ կոլեկտիվ Արևմուտքին մի դեպքում, երբ բոլորի կողմից ընկալվում է  որպես «Մոսկվայի մարդ»: Այս ամենի ֆոնին Քոչարյանի հոդվածը մի տեսակ ինքնանպատակ է ստացվում, դատարկաբանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր