«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ընտրության արդյունքը հայտնի է, եւ այն, ըստ էության, հայտնի էր նույնիսկ ընտրությունից առաջ, պարզապես ինտրիգն այն էր, թե քանի տոկոս է գրանցվելու ՌԴ նախագահ Պուտինի անվան դիմաց: Այդ տոկոսը ներկայումս գրեթե 80 է, ինչը նշանակում է, որ Պուտինը գերազանցել է 2012-ի իր ցուցանիշը:
Սա ամենեւին պատահական հանգամանք չէ՝ հենց 2012-ի համեմատությամբ, որովհետեւ դա նրա վերադարձի տարին էր, որը Ռուսաստանում ամենեւին անհարթ չանցավ: 2011 թվականի Պետդումայի ընտրությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր հանրահավաքներ, ծավալվում էր շարժում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի դեմ:
Պուտինը վերադառնում էր ահա այդ ֆոնին, եւ շատ փորձագետներ Պետդումայի ընտրությունից հետո ծավալվող այդ շարժման հետեւում տեսնում էին իշխանության որոշ թեւերի աջակցությունը՝ Պուտինի վերադարձի վրա ազդելու, այն թույլ չտալու, Մեդվեդեւին պահելու համար:
Թվում է, թե 80 տոկոսանոց Պուտինը նշանակում է առավել հնչեղ պատասխան Արեւմուտքին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի կոշտ դիմակայությունը: Մյուս կողմից, սակայն, նաեւ այստեղ է հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ 80 տոկոսը, եւ Պուտինը, այսբերգի տեսանելի մասը լինելով, ի՞նչ կա այսբերգի անտեսանելի մասում, եւ արդյո՞ք Պուտինի առերեւույթ կոշտ գծով հանդերձ՝ այսբերգի անտեսանելի մասում տեղի չեն ունենա առավել դյուրահալ գործընթացներ»: