00:00:00

Փողոցներում լցված աղբը վարակիչ հիվանդությունների, էպիդեմիաների հիմք կարող է դառնալ․ բնապահպան

21:49, 15 ապրիլ 2019

Ինչպես հայտնել ենք, «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ ներողություն է խնդրել Երևանում աղբահանության ոլորտում ստեղծված վիճակի համար: Մայրաքաղաքի փողոցներում կարելի է տեսնել աղբամաններ, որոնք լի են աղբով, իսկ դա բազմաթիվ վտանգներ է պարունակում։ Գարշահոտությունից առավելապես տուժում են նրանք, ում բնակարանները գտնվում են աղբամաններին հարակից տարածքներում․ նման դեպքերում ուղղակի հնարավոր չէ պատշգամբ դուրս գալ կամ առժամանակ պատուհանը բաց թողնել։ Խնդիրը, սակայն, ավելի խորքային է։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմային, irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ «Փողոցներում լցված աղբն առաջացնում է օդի աղտոտվածության խնդիր։ Վնաս է հասցվում նաև շրջակա հողատարածքներին։ Իսկ երբ անձրևներ են գալիս, ջրային ռեսուրսներին ևս վնաս է հասցվում։ Ես ևս մի վտանգ եմ տեսնում․ փողոցներում լցված աղբը վարակիչ տարբեր հիվանդությունների, էպիդեմիաների հիմք կարող է դառնալ։ Պատահական չէ, որ այստեղ առաջնահերթ են համարվում հենց սանիտարահիգիենիկ խնդիրները։ Այսպես շարունակել ուղղակի չի կարելի։ Մայրաքաղաքում հյուրեր ենք ընդունում ու այսպես խայտառակ լինում աշխարհով մեկ։ Հիմնական վտանգը սանիտարահիգիենիկ վտանգններն են,իսկապես, առկա է տարբեր հիվանդությունների բռնկման վտանգ»։ Բնապահպանը նշեց՝ աղբահանության հետ կապված՝ խնդիրներ կան ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ «Աղբակույտեր կարելի է տեսնել նաև ճանապարհներին։ Մի կողմից ասում ենք՝ տուրզմն ենք ուզում զարգացնել, մյուս կողմից՝ անցնում ես ճանապարհներով ու տեսնում չվերահսկվող աղբակույտեր։ Ճիշտ է, վերջերս մի անգամ ամբողջ աղբը մաքրեցին, բայց հիմա էլի խնդիրներն ի հայտ են եկել», - նշեց Կարինե Դանիելյանը՝ շեշտելով՝ զարգացած երկրներում աղբահանության հետ կապված խնդիրները վաղուց լուծվել են, իսկ Հայաստանն այս առումով դեռ շատ քայլեր ունի անելու։ «Այս առումով մենք դեռ շատ-շատ հետ ենք ընկած։ Աղբը տարբերակված հավաքելու մասին խոսելով՝ պետք է ասեմ՝ Երևանում բնակիչները պատրաստ են դա անել, բացի այդ՝ աղբը պետք է վերամշակվի, բայց, ցավոք, մեզանում նույնիսկ հասարակ աղբահանությունը չեն կարողանում կազմակերպել», - ընդգծեց Կարինե Դանիելյանը՝ շեշտելով՝ բնակչության մեծամասնությունը ջանում է քաղաքը մաքուր պահել․ պետք չէ խնդիրը քաղաքացների վրա բարդել։ «Բնակչությունն այս հարցում շատ է զարգացել։ Տեսե՛ք՝ բնակիչներն են բողոքում, ասում են՝ անհրաժեշտ է այդ հարցերը լուծել, ասում են՝ պատրաստ են տներում պատրաստ են տարբերակել աղբը․ դա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ այստեղ հիմնականում առկա է կազմակերպչական հիմնախնդիր», - եզրափակեց Կարինե Դանիելյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր