Մեկ տարի առաջ, ապրիլի 13-ին մարդիկ Երևանում դուրս եկան փողող իշխանափոխության պահանջով։ Բողոքի շարժումը գլխավորում էր այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը։ 2018 թվականի մայիսի 8-ին նա արդեն ընտրվեց վարչապետ՝ իշխանափոխության գործընթացն ավարտվեց։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ուղեկցվում էր փողոցային արվեստի տարբեր դրսևորումներով՝ երաժշտությունից մինչև գեղագրություն։ Մենք հավաքել ենք շարժման մասնակիցների կողմից առավել սիրված դրվագները մեկ տարի առաջ, և այսօր հիշեցնում ենք դրանց մասին։
Հեղափոխության օրհներգը՝ «Իմ Քայլը, Քաղաքացու երգը»
Թաթա Սիմոնյանի երգը` «Հայաստան, բարև»
Հեղափոխությանը երգ նվիրեց երգիչ Թաթա Սիմոնյանը: Ապրիլի 26-ին նա իր ֆեյսբուքյան էջում մեկ րոպեանոց հոլովակ հրապարակեց, որտեղ երևում էին նոր երգի ձայնագրման և գործիքավորման աշխատանքները: Օրեր անց արդեն Youtube-ում հրապարակվեց Թաթայի «Հայաստան, բարև» երգը, որը հաշված օրերի ընթացքում տարածվեց ու շատ հաճախ լսելի էր մեքենաներից ու բարձրախոսներից:Այլ երգեր, որ լսվեցին համերաշխության օրերին
Այս հեղափոխությունը ոմանք անվանեցին «թավշյա», ոմանք էլ «սիրո» կամ «համերաշխության»: Սերը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը դրսևորվեցին նաև երաժշտական տարբեր ճաշակների տեր մարդկանց խաղաղ համակեցությամբ: Հակառակ պարագայում նույն փողոցում դժվար թե իրար հետևից լսվեին այս երգերը. հիփ-հոփ երգիչ HRAG-ի «ԴՈՒԽՈՎ»-ը, NEW GRAY խմբի «Եղիր Ազատ»-ը ու Էդո Բառնաուլսկու «Նիկոլ Փաշինյան» երգը:Հեղափոխության շեփորը
1988-ին սկսված Հայաստանի անկախության շարժման խորհրդանիշներից մեկը՝ շեփորի հայտնի կոչնակն էր, որը վերցված էր «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից: Երևանյան հրապարակներում շեփորահար Աշոտ Միրզոյանի կատարմամբ այն համախմբում էր մարդկանց ու ազդարարում հանրահավաքի մեկնարկը: Ուղիղ 30 տարի անց նույն մեղեդին ու կրկին շեփորով հնչեց Հանրապետության հրապարակում: Աշոտ Միրզոյանի օրինակով հարթակում երիտասարդ շեփորահար, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանն էր:
Կոնսերվատորիայի 19-ամյա ուսանողը պատմեց, թե ինչպես որոշեց հարթակ բարձրանալ ու կատարել կուլտային դարձած մեղեդին.
«Հանրահավաքների ժամանակ շատ էի տեսնում Կոնսերվատորիայի ուսանողների, որոնք իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ էին մասնակցում առանց փողոցում երաժշտական գործունեություն ծավալելու: Շատերը մտավախություն ունեին, որ շարժումը կարող է հետագա պլաններին չհասնել և իրենց Կոնսերվատորիայում ճնշումների ենթարկեին։ Շեփորս վերցրեցի և գնացի հրապարակ, ներկայացա, կանչեցին բեմ ու կատարեցի 1988-ից հայտնի երաժշտությունը: Ցանկանում էի, որ ժողովուրդն ավելի քաջանար, ուսանողներն էլ ավելի համարձակ գործեին»:
Ալեքսանդրի համերգասրահը հաջորդող օրերին Երևանի փողոցներն էին: Շեփորը ձեռքին հայտնի մեղեդին ու այլ գործեր ևս կատարելով` ընկերների հետ փողոցներ էր փակում:
Տեսանյութը` «Հետք» ինտերնետային թերթի ֆեյսբուկյան էջից
Կոնսերվատորիայի շատ ուսանողներ նույնպես փողոցներում էին`քաղաքի տարբեր հատվածներում Կոմիտաս էին նվագում ու իրենց աջակցությունը հայտնում հավաքված մարդկանց:
Տեսանյութը` «Ազատություն ռադիոկայան»
Հեղափոխության պաստառները
Երևանյան հանրահավաքների ու երթերի ժամանակ մարդկանց ձեռքերում վեր պարզած հազարավոր պաստառների, նկարների ու լոզունգների մեջ, թերևս, ամենատպավորիչը գեղագիր Ռուբեն Մալայանի աշխատանքներն էին:
Լուսանկարները` Ռուբեն Մալայանի ֆեյսբուքյան էջից
Նկարիչը օրական մի քանի պաստառ էր նկարում` հեղափոխության հայտնի կոչերով ու գաղափարներով, և իր հետ տանում փողոց` բաժանելով մարդկանց: Նրանցից շատերը, Ռուբեն Մալայանի խոսքով, այդպես էլ հետ չեկան արվեստանոց: Բայց ամենասիրելի պաստառները դեռ իր մոտ են ու սպասում են հարմար պահի` ցուցահանդես կազմակերպելու համար:
Ռուբեն Մալայանի ֆեյսբուքյան էջից