00:00:00

Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի համար մեղադրական սլաքներ ուղղեց նաև եվրոպացիներին. «Ժողովուրդ»

13:05, 12 ապրիլ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանդիպումների ժամանակ կարծես չի վարանում շոշափել նաև ցավոտ թեմաներ` հիշեցնելով դիմացինի «մեղքերը»: Հերթական դրսևորումը ԵԽԽՎ-ում էր: Մի կողմից` նա խոսել է ՀՀ-ում ԵԽԽՎ-ի դրական դերակատարության մասին, մյուս կողմից` Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս 2016թ. Ապրիլյան պատերազմի համար մեղադրական սլաքներ է ուղղել նաև եվրոպացիներին: «Չեմ կարող չնկատել, որ ԼՂ հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների և փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան»,-ասել է նա: Շատերը կհիշեն ԵԽԽՎ 2016թ. հունվարյան նստաշրջանում Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի մասին «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» սկանդալային բանաձևը, որ ընդունվեց 98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այն հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներ էր պարունակում, մասնավորապես` «ջրամբարը գտնվում է Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից»: Այդ ժամանակ ԵԽԽՎ-ում քննարկվեց, բայց և մերժվեց Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» նախագիծը։ Ու, փաստորեն, Փաշինյանը հենց դրանք է մատնանշում` ընդգծելով, որ եվրոպացիներն այդ քննարկումներով, ըստ էության, թույլ տվեցին պատերազմի վերսկսումը: Ի դեպ, հետաքրքիր է, որ այն ժամանակ շատ գործիչներ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարծիք էին հայտնում, որ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը «ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա»։ Պարզվում է, սակայն, նաև դա է իր ազդեցությունն ունեցել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր