00:00:00

Սամվել Ալեքսանյանի հետ իշխանությունը կրկին գործարքի է գնացել. «168 ժամ»

13:45, 11 ապրիլ 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պետության հաշվին լուրջ փողեր է վաստակում, և տարածքը, որը համարվում է նրա տիկնոջ սեփականությունը, փաստորեն, տարիներ շարունակ տասնյակ-միլիոններ աշխատել է՝ ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանության օրոք: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին մեկիկ-մեկիկ հաշվում էր պետության վատնած փողերը, այսօր իշխանության ղեկավարի դիրքից հանդուրժողաբար է մոտենում մեկ անձից գնում կատարելու միջոցով Սամվել Ալեքսանյան-ՊԵԿ գործարքին: Արշակունյաց 127/21 հասցեում գործող ավտոմեքենաների մասնագիտացված ՊԵԿ մաքսատունը, ուր երեկ աշխատանքային այց էր կատարել Նիկոլ Փաշինյանը, իրականում Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է համարվում: Եվ 4561 քմ մակերես ունեցող տարածքը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վարձակալում է Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից:   Իսկ ուշագրավն այն է, որ ներկայիս իշխանությունը, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում այդքան սուր քննադատում էր նախկին իշխանությանը՝ նույն Սամվել Ալեքսանյանին մենաշնորհներ տալու համար, այսօր ինքն է նույն գործարարին խրախուսում, նրա հետ անշարժ գույքի գործարք է կատարել՝ առանց մրցույթի հայտարարման՝ մեկ անձից գնում կատարելու միջոցով: Ավելին, վարձակալության պայմանագիրը, որ կնքվում է հենց գործարարի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի հետ՝ որպես պետության հետ երկարաժամկետ գործարք՝ միևնույն անձի հետ, այլևս չի դիտարկվում կոռուպցիոն ռիսկ, և այս գործարքի հիմքերով այլևս քննարկման ենթակա չէ բյուջետային անարդյունավետ ծախսի թեման: Տարեկան բյուջեից ամեն անգամ գործարարին այս գործարքի դիմաց փոխանցվում է նվազագույնը 36 մլն դրամ, իսկ մի քանի տարիների հանրագումարն արդեն գերազանցել է 530 մլն դրամը, բայց հարկատուներիս հաշվին կառավարության և ՊԵԿ-ի անարդյունավետ ծախսերը, չգիտես ինչու, վրիպել են Նիկոլ Փաշինյանի աչքից:   Մինչդեռ այսքան գումարով կառավարությունն ինքը միգուցե այսպիսի մի քանի շենք կառուցեր ցանկացած տարածքում, և գումարների տնտեսումը լրիվ արդարացված կլիներ: Բայց փաստացի այդ փորձը չի արվել մինչ օրս, ավելին, նախկինների պրակտիկան խնամքով շարունակում են պահպանել նորերը, բայց նորից քննադատելով նախկիններին: Ոչ վաղ անցյալում, երբ միևնույն ընտրատարածքից առաջադրված պատգամավորության թեկնածու մրցակցի՝ Նիկոլ Փաշինյանի մասին Սամվել Ալեքսանյանին լրագրողները հարցեր էին տալիս, գործարար-պատգամավորը, որպես կանոն, նույն ջերմեռանդությամբ պատասխանում էր այսպես՝ «Ես խնդիր չունեմ Նիկոլի հետ, Նիկոլը մեր ախպերն ա, ինքը մերոնցից ա, ուղղակի չի ուզում, որ ցույց տա»: Իսկ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը՝ հոկտեմբերի 25-ի ԱԺ արտահերթ նիստում, երբ առաջին անգամ Սամվել Ալեքսանյանը խառնաշփոթից դեմ էր քվեարկել, անմիջապես դուրս վազեց՝ լրագրողներին հայտարարելու, որ «շշկռված» է քվեարկել, ինքը դեմ չէր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: «Ես շշկռվեցի, պտի ձեռնպահ քվեարկեի, մատս կպավ, դեմ քվեարկեցի»,- ասել էր Ալեքսանյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր