00:00:00

Թատերական մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

19:02, 29 մարտ 2019 Մշակույթ

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակում թատերարվեստի մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխարհում ներգրավված մարդկանց՝ ընդգծելով, որ վերջիններիս աշխատանքը կենսական կարևորություն ունի հանրության համար: «Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին երկու հարյուր տարիներին բուռն զարգացում է ապրել, ու մեր թատերական գործիչները հարստացրել են ոչ միայն ազգային, այլև հարևան ժողովուրդների ու երկրների թատերարվեստը»,- նշել է Հայկ Մարությանն ու նկատել, որ հարուստ ժառանգությունն առավելևս պարտավորեցնում է՝ ամեն օր զարգացնելու մեզ ավանդված արժեքները՝ վերցնելով աշխարհից մեր բաժինը ու աշխարհին տալով մերը: Երևանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Թատրոնի համաշխարհային օրվա և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը: Ոլորտի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր