Կառավարության նիստին, այսօր՝ մարտի 21-ին, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, որի համաձայն Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է, վարձատրություն չեն ստացել:
«Ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է, որ 21-րդ դարում, պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»,-ասաց Փաշինյանը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին «Արմաթ» լաբորատորիաները ֆինանսավորվել են ուղիղ ֆինանսավորմամբ, դրամաշնորհով, այս տարի ֆինանսավորման ձեւը փոխվել է մրցույթայինի. «Արմաթ» լաբորատորիաներ իրականացնողները սրա հետ կապված առարկություն են հայտնել, փետրվարին հայտնել են այդ առարկությունը, մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել եւ ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք այդ հարցը: Նախագիծը կոմիտեի նիստին կքննարկվի, հաջորդ շաբաթ արդեն կընդունվի»:
Փաշինյանին ասվածը չբավարարեց. «Այդ ամենը պարզ է, բայց մարդիկ աշխատավարձ չեն ստացել: Եթե պետական բյուջեում այդ փողը կա, դրված է, պետությունը կարեւորել է այդ ծառայության մատուցումը, բայց երեք ամիս այդ ծառայությունը մատուցվել է ու փողը չի տրվել: Հիմա անունը կարող ենք դնել մրցույթ, բայց ո»նց կարող է դա հնարավոր լինի: Մենք փոխել ենք ֆինանսավորման ձեւը, որ ավելի լավ լինի, հետեւաբար ինչո՞ւ է ավելի վատ: Եթե մրցույթով է, ինչու մինչեւ հիմա մրցույթ չի եղել»,-ասաց նա:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այստեղ խոսքը ոչ թե պետական կազմակերպության աշխատողների մասին է, այլ ՀԿ-ի կողմից կազմակերպված ծառայության դիմաց վճարների:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ «Արմաթ» ծրագրի կազմակերպիչը հայթայթում է գումար լաբորատորիաները հիմնելու համար, եւ պետությունը իր վրա է վերցրել խմբակավարի գումարը վճարել, ու հիմա քանի որ մրցույթներ պետք է լինեն խնդիրն առաջացել է:
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն էլ նկատեց, որ այդ որոշումը կայացնելիս բավարար քննարկում չի եղել: Նա նշեց, որ իրենք բարձրացրել են նաեւ Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական պարկերի հարցը. «Առաջին եռամսյակում առանց մրցույթի ապահովել ենք, եթե այս տեսքով հաստատվեր, մենք հիմա նույն խնդրի առջեւ կկանգնեինք: Բայց այդ խնդիրը կունենանք հաջորդ եռամսյակում»:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մի քանի անգամ է շրջանառվել նախագիծը, կարևորվել են մոտեցումները: «Չկա այդպիսի խնդիր ֆինանսական միջոցների անբավարարության հետ, ավելի քան բավարար միջոցներ կան սահմանված կարգով ստանձնած բոլոր պարտականությունները ֆինանսավորելու համար»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այսօր նիստի օրակարգում ներառել հարցը, սակայն վարչապետը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել: «Ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից պետք է հրաժարվել, պետք է նախապես ամեն ինչ պլանավորել, ոչ թե վարչապետը նամակ ստացավ, հենց խնդիր առաջացավ, ասել՝ եկե՛ք, ոտի տակից հանենք նախագիծը ու քննարկենք: Ուրիշ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես»,- բարկացավ վարչապետը: