Առողջապահության նախկին նախարար ներկայումս ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը որպես այդպիսին հայտնի է դարձել նախորդ իշխանությունների օրոք։ Նախարարի պաշտոնում նա չի տարբերվել ՀՀԿ-ական մյուս բոլոր նախարարներից, իսկ հանրային ընկալումներում եղել է «սերժահանրապետական» ռեժիմի կրողն ու ջատագովը։
Հեղափոխությունից հետո քաղաքական հաշվեհարդարների չգնալու իշխանությունների հաստատակամությունը պարարտ հող նախապատրաստեց մուրադյանանմանների համար ինքնադրսևորվելու, և ինչպես ՀՀԿ-ականներն էին ասում՝ ռեբրենդինգի ենթարկվելու։ Նշենք, որ Մուրադյանը մինչև նախարար նշանակվելը եղել է ՀՀ-ում գործող ամենահեղինակավոր հիվանդանոցներից մեկի ղեկավարը և այդ դերում կարողացել է բավականին դրական համբավ ունենալ, ինչը սակայն գլխիվայր շուռ է եկել նախարար նշանակվելուց շատ կարճ ժամանակ անց։ Շատերի մոտ հարց էր առաջանում, թե ինչով էր պայմանավորված նրա նշանակումը, եթե իրականում նա ՀՀԿ-ական քարոզչամեքենային որևէ կերպ չէր աջակցել, ոչ էլ ընտրություններում կարող էր ձայներ ապահովել նախորդ իշխանությունների համար։ Տեղեկությունների համաձայն Արմեն Մուրադյանը հանդիսանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարեկամը, և այս հանգամանքն էլ հավանաբար ճանապարհ էր հարթել նրա համար։
Առողջապահության նախարարի պաշտոնում Արմեն Մուրադյանի պաշտոնավարման ընթացքում գրանցվել են աննախադեպ թվով մահացություններ, որոնց պատճառը եղել է բժիշկների ամփութության ու ոչ պրոֆեսիոնալ գործունեության, որոշ դեպքերում էլ՝ անգործությունը։ Վերջիվերջո առողջապահության բնագավառում հեղափոխությունից հետո տեղի ունեցած բարեփոխումների ծավալը վկայում է մինչ այդ այդ համակարգում առկա բացթողումների մասին, որոնց համար գլխավոր պատասխանատուներից մեկը նաեւ Արմեն Մուրադյանն է։
Նախարարի պաշտոնից հետո Արմեն Մուրադյանի հաջորդ «կայարանը» ՀՊԲՀ ռեկտորի պաշտոնն էր, որտեղ նա այնպես է ամրապնդվել, որ նույնիսկ նոր համակարգը չի կարողանում օտարել։ Նշենք, որ ռեկտորի պաշտոնում ևս նրա անձի շուրջ բողոքները չեն դադարում, մասնավորապես, դասախոսների համար ստեղծված չեն բավարար պայմաններ, որպեսզի դասավանդմանը զուգահեռ նրանք կարողանան նաև բժշկական գործունեություն ծավալել։ Իսկ ուսանողներն իրենց հերթին բողոքում են պրակտիկ գիտելիքների ի սպառ բացակայությունից։ Այնուամենայնիվ կան տեղեկություններ, որ նախարար Արսեն Թորոսյանը չի ցանկանում Մուրադյանին տեսնել այդ պաշտոնում, ինչի մասին մենք գրել էինք օրեր առաջ։ Կհաջողվի արդյո՞ք այս անգամ էլ Գարեգին Բ-ին ամուր պահել իր հովանավորյալի դիրքերը ցույց կտա ժամանակը։