00:00:00

Արարատ Միրզոյանը առաջարկել է Հայաստանում Հայ-գերմանական համալսարան հիմնել

19:43, 19 մարտ 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը այսօր՝ մարտի 20-ին, հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եվ հանրության հետ կապերի վարչությունից։ Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետեւել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը՝ ընգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է Եվրոպա: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին: Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները, նշել է, որ Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար: Այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները: Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները եւ Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում: Անդրադառնալով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ գոյություն ունեցող մշակութային եւ կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջեւ հարաբերությունները: Արարատ Միրզոյանը եւ Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում: Նշենք, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր