00:00:00

Երեւանում վիրահատել են վթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած քույրերին

16:47, 12 մարտ 2019

Երևանի պետական բժշկական համալսարանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկները երկու բարդ վիրահատություն են կատարել: Վրաերթի հետևանքով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել երկու քույրեր, որոնց վիճակը գնահատվել է ծանր, սակայն համալսարանական հմուտ բժիշկների միջամտության արդյունքում աղջիկներն արդեն լավ են զգում: Վիրահատությունը կատարել են պրոֆեսոր Արմեն Այվազյանը, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն ու բժիշկ-միկրովիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը: Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ, ձեռքի վիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկներից մեկն ունեցել է կոնքոսկրերի կոտրվածք, ընթանում է կոնսերվատիվ բուժում, իսկ մյուս աղջիկն ունեցել է բազկոսկրի բաց բարդացած կոտրվածք՝ ճաճանչային նյարդի վնասավածքով: «Ոսկրերի վիրահատությունը կատարվել է օստրիոսինթեզ մետաղական հարթակով և պտուտակներով, իսկ վնասված նյարդը շատ դժվարությամբ վերականգնվել է: Աղջիկներն այժմ լավ են զգում, նրանց վիճակը բավարար է, մեկն անկողնային վիճակում է, քանի որ կմախքային ձգման տակ է, իսկ մյուսն արդեն տեղաշարժվում է, ակտիվ է, շուտով դուրս կգրենք», - ասաց նա: Ձեռքի վիրաբուժության, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն էլ նշեց՝ չնայած նյարդը բավական երկարության վրա վնասվել է, թաքնված է եղել պատառոտված, ջնջխված հյուսվածքների մեջ, բայց հաջողվել է մոբիլիզացնել ծայրերը և ամբողջականությունը վերականգնել էպինեվրալ հանգուցակարերով. «Հաշվի առնելով աղջկա տարիքն ու կարի որակը, հույս ունենք, որ նյարդը ժամանակին կվերականգնվի»: Վրաերթի ենթարկված աղջիկները մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն լավ են զգում՝ մշտապես գտնվելով բժիշկների հսկողության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր