00:00:00

Մարտիմեկյան ողբերգությունից 11 տարի է անցել

01:25, 01 մարտ 2019

Մարտիմեկյան ողբերգական իրադարձություններից 11 տարի անց: 2008 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում` երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Զոհված քաղաքացիներից յոթը՝ Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Գրիգոր Գեւորգյանը, խաղաղ ցույցի մասնակիցներ էին, իսկ Համլետ Թադեւոսյանը՝ ՀՀ ոստիկանության զորքերի սպա: Եւս երկու հոգի՝ ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը եւ խաղաղ ցուցարար Սամվել Հարությունյանը, մահացան ավելի ուշ՝ մարտի 1‐ին ստացած վնասվածքների հետեւանքով: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ պատասխանատվություն կրեցին քաղաքացիական անձինք: Ընդդիմադիր հայացքներով հայտնի 65 անձ դատապարտվեց ազատազրկման, 6-ը` արդարացվեցին, իսկ Շանթ Հարությունյանը ճանաչվեց անմեղսունակ: Ավելի ուշ ազատազրկվածներից 28-ին ներում շնորհվեց ՀՀ նախագահի անունից, 26-ը համաներմամբ ազատվեցին պատժի չկրած մասից: Եվրոպական դատարան բողոքներ են գրել տասնյակ ընդդիմադիրներ և մարտի 1-ի զոհերից 9-ի իրավահաջորդներ: Մարտի մեկից 11 տարի անց: Այս տարիների ընթացքում ստեղծվել են Մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովներ, որոնք սակայն որեւէ նշանակություն չեն ունեցել: Մարտյան ողբերգական իրադարձությունները բացահայտելու «հրահանգ» տրվել է նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ թե ի՛նչ «արվեց»  հայտնի է բոլորին: Նախորդ տարի  տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորըտնիր իշխանությունները հայտարարեցին, որ մարտի մեկը բացահայտելու քաղաքական կամք կա։ Անցնող ամիսների ընթացքում մարտի մեկի գործով հարցաքննվեցին բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր