00:00:00

«Մի կտուրի տակ» ծրագիրը՝ խաբեություն. 2 հազար դրամ կանխավճարով բնակարան են առաջարկում. «Ժողովուրդ»

13:53, 27 փետրվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու և կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար: Այս ծրագրից օգտվելու համար դիմել է արդեն ավելի քան 50 հազար մարդ, ու շատերը պատրաստվում են դիմել՝ հերթ կանգնելով ծրագրի գրասենյակների առաջ: Միայն թե կասկածներ կան, որ իրականում այս ծրագիրը լավ մտածված խարդախության շղթա է, որ արվում է քաղաքացիներից գումար շորթելու համար: Պայմանները բավականին գայթակղիչ են. բնակարան ապահովելու խոստման դիմաց քաղաքացիներին առաջարկում են վճարել սիմվոլիկ գումար՝ 2 հազար դրամ` քաջ գիտակցելով, որ աֆյորան բացահայտվելուց հետո, երբ պարզվի՝ որևէ բնակարանաշինություն չի իրականացվում, ոչ բոլորը կպահանջեն այդ գումարը` մոռացության տալով այն: Փոխարենը հեղինակները կհասցնեն կլորիկ գումարի տեր դառնալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն է արել այս ծրագրի` Էջմիածնի գրասենյակի գործունեության հետ կապված: Պարզվում է՝ դեռ հատկացված չեն այն հողատարածքները, որտեղ պետք է տները կառուցվեն: Արմավիր մարզում ծրագրի համակարգող Վան Հայրապետյանը հայտարարել է, թե Մեծամոր, Էջմիածին քաղաքների քաղաքապետերն աջակցում են իրենց ծրագրին, այնինչ Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը` ասելով, որ միայն տեղյակ է այդ ծրագրի գոյության մասին և ոչ մի բան ավելի: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Համայնքի կողմից որևէ տարածք չի տրամադրվել այդ կազմակերպությանը: Մեզ դիմել են այդ հարցով, բայց ես, տեսնելով, որ որևէ փաստաթուղթ չկա, ասացի, որ բացառում եմ նման պարագայում տարածք տրամադրելու գործընթացը»: Ի դեպ, չնայած մեր թղթակցի համառ պնդումներին` այս ծրագրի ղեկավարներն այդպես էլ իրենց գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել, ինչն արդեն կասկածելի է: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է ոչ միայն Արմավիրի, այլև մի շարք այլ մարզերում, նաև Երևանում: Ու ենթադրվում է՝ այստեղ ևս խաբեությամբ: Մնում է՝ իրավապահները զբաղվեն այս հարցով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր