00:00:00

Լոռու դպրոցներ. մարզը վերջին տարիներին հիմնանորոգման երես չի տեսել

20:31, 02 փետրվար 2019

Վերջին տարիներին հանրապետության երրորդ մարզի՝ Լոռիի դպրոցները հիմնանորոգման աշխատանքների կարոտ են: Սահմանափակվել են միայն փոքր նորոգումներով, տեղային լուծումներ են տրվել՝ դպրոցների խնայված միջոցներից: Խոսքը սանհանգույցների, տանիքների մասնակի նորոգումների, կամ ասենք՝ վթարված համակարգերի վերակագնման մասին է: Լոռու մարզային ենթակայության 149 ուսումնական հաստատությունում սովորում է մոտ 28 հազար աշակերտ: Դպրոցներից 3-ը գործում են  համայքնային սեփականություն հանդիսացող շինություններում: Վթարային ուսումնական մանսաշենքեր մարզը չունի: Վերջերս ՀՀ տարածքային զարգացման նախարարության պահանջով  մարզի անմխիթար պայմաններում գտնվող դպրոցի ցուցակ է կազմվել: Դրանք Լոռիում 26-ն են: 54 դպրոցում բացակայում են մարզադահլիճները, 49 դպրոցում՝ հիմանանորոգման ենթակա են:  Հատկապես ձմեռային սեզոնին խնդիրների խնդիրն ուսումնական հաստատություններում՝ ջեռուցման համակարգերն են: 149-ից 113-ը ջեռուցվում է բնական գազով: Դպրոցների մեծ մասում ջեռուցման համակարգը մոնտաժված է հենց դասասենյակներում: Սրա համար որպես պատճառ՝ մարզպետարանում նշում են գումարների սղությունը: Մարզի 20 դպրոց դեռևս փայտի վառարանների հույսին է: 2018 թվականի մեր հրատապ ծրագրով (նկատի ունի պետբյուջեից մարզին հատկացվող գումարները) աշխատանքները դեռ շարունակվում են, 15 դպրոց էր ներառվել, որոնցից 10-ը ջեռուցման համակարգերի ներմուծում կամ վերափոխում, 6-ն արդեն շահագործման է հանձնվել:  Հրատապով դրված է նաև 4 դպրոցի տանիքի նորոգման հարց, նաև շենքի պահպանման խնդիր կար»,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանը: Նրա խոսքով՝ պետական ծրագրեր իրականացնելու դեպքում ոչ մի տարբերություն չի դրվում՝ գյուղական թե քաղաքային համայնքում է տվյալ կրթօջախը: Ասում է՝ նախապատվություն են տալիս մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոցներին: Լոռու որոշ համայնքներ դպրոցներ չունեն: Նման գյուղերում աշակերտների տեղափոխման խնդիրը լուծվում է, նրանք հաճախում են մոտակա համայնքերի դպրոցներ: Դրականի շարքից. 2018-ին Ախթալայի թիվ 2 դպրոցը ՀՀ տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է, լավ նորություններից է նաև այն, որ մարզկենտրոն Վանաձորում երկու դպրոց շուտով շահագործման կանձնվի. թիվ 18-ը հիմնանորոգվում է, թիվ 7 դպրոցի համար շենքային նոր համալիր է կառուցվում: Ընթացիկ ծրագրերից է Քարինջի դպրոցը, այս պահին տանիքն է հիմնանորոգվում, Օձուն համայնքի դպրոցում աշխատանքներն ավարտվել են: Դպրոցների խնդիրները սկսվում են շենքային պայմաններից, բայց դրանցով չեն սահմանափակվում: Տարիներով ձգվող խնդիր է՝ դպրոցներում մշտապես թափուր, երբեք չլրացվող աշխատատեղերն  ու աշխատանք փնտրող մանկավարժները: Սա այն դեպքում, երբ Վանաձորի մանկավարժական համալսարանը տարվա ընթացքում հարյուրավոր շրջանավարներ է թողարկում: Հարցը չի լուծվում նույնիսկ աշխատանքի տոնավաճառներին մասնակցելով, նույնիսկ, երբ դպրոցի տնօրեններն ու մարզպետարաններն իրենք են դիմում մանկավարժական համալսարանին: Այս դեպքում բուհը կարող է միայն հուշել ու միջնորդել՝ շրջանավարտների հարցում: Օրենքը փաստացի արգելում է ուսանողին ուսմանը զուգահեռ մանկավարժական գործունեություն ծավալել: Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն ասում է, որ գյուղական համայնքներում ունենք ուսուցիչների երբեք չլրացվող մեծ պահանջարկ։ «Մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, օտար լեզուների մասնագետների կարիք ունենք մշտապես, ընդ որում՝ ոչ միայն հեռավոր համայքներում. մոտակա՝ նույնիսկ քաղաքային համայքներում  կա մանկավարժների պակաս: Մեր խնդիրները բազմաթիվ են՝ թե ուսուցչական անձնակազմերի հետ կապված, գույքային ու շենքային: Բայց առավել լուրջ է փոքր համայքներում, հատկապես երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ և նույնիսկ քառակոմպլեկտ դասարանները: Սրանց առկայության դեպքում բարձր որակի ու հավասար կրթության մասին խոսելը լավատեսություն է»,-ասում է Հարությունյանը: Այսպիսի դպրոցներում, երբ աշակերտների քանակը 7-ից 20 է, ուսուցիչները ցանկություն չունեն աշխատելու՝ մի պարզ պատճառով՝ ժամաքանակը քիչ է, հետևաբար՝ վարձատրությունը ևս: Ուսուցիչների կողմից այսօր բարձրացվող ամենացավոտ հարցն է: Լոռու մարզում՝ կրթության նախարարի՝ վերջերս հնչեցրած միջին՝ 150 հազար աշխատավարձով ոչ մի ուսուցիչ չի ստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր