00:00:00

Թուրքական կազմակերպությունը հայտարարել է Սբ. Սոֆիայի տաճարում նամազ անելու մասին

02:20, 01 փետրվար 2019 Աշխարհ

Թուրքական «Համակարծության և պայքարի պլատֆորմ» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով մուսուլմաններին հրավիրում է փետրվարի 1-ին Ստամբուլում գտնվող բյուզանդական Սբ. Սոֆիայի տաճարում նամազ անելու: Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու նպատակով տարբեր նախաձեռնություններ հեղինակած «պլատֆորմը», հայտարարել է, որ նամազից հետո աղոթելու են այժմ թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի՝ որպես մզկիթ վերաբացվելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ փետրվարի 1-ին իրականացվելիք արարողությունից հետո հանդես են գալու մամուլի ասուլիսով: Նշենք, որ թանգարանի վերածվելուց (1935թ.) մինչ այսօր Թուրքիայի ծայրահեղական հատվածը պահանջում է Այա Սոֆիայի տաճարը վերաբացել որպես մզկիթ, ինչը մշտապես առաջ է բերում հույների հակազդեցությունը: Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում: Իր ստեղծման օրվանից՝ 537 թվական, մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը: Տաճարը կառուցվել է հույն ճարտարապետներ Իսիդոր Միլետացու և Անթեմիուս Թրալացու կողմից: Sophia բառը հունարեն իմաստություն բառի լատիներեն հնչյունական տառադարձումն է: Հունարեն ամբողջական անվանումն է, որը նշանակում է «Աստծո սուրբ իմաստության տաճար»: 1453 թվականին Մեհմեդ Նվաճողը գրավել է Կ.Պոլիսը և այն միացրել Օսմանյան կայսրությանը: Նա հրամայել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Չնայած քաղաքի շատ մասեր կարճ ժամանակում վնասվել և ավերվել են, տաճարը պահպանելու համար անընդհատ գումար է հատկացվել: Տաճարն իր յուրօրինակ տեսքով շատ ուժեղ տպավորություն է թողել օսմանյան ղեկավարների վրա, ուստի նրանք որոշել են այն մզկիթի վերածել: Զանգերը, զոհասեղանը, իկոնոստասը և շատ այլ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են: Իսլամական կրոնին հատուկ տարրեր են ավելացվել տաճարին՝ միհրաբ (որմնախորշ, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 մինարեթ: Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է մզկիթ, դրանից հետո այն փակ է մնացել 4 տարի: Տաճարը վերաբացվել է 1935 թվականին որպես թանգարան արդեն ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում: Մինչև Սուլթան Ահմեդ մզկիթի կառուցումը 1616 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այդ ժամանակ մզկիթ էր, եղել է Ստամբուլի գլխավոր և հիմնական մզկիթը: Սբ. Սոֆիայի սաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր