ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը վերջին յոթ տարվա ընթացքում ամենավատ արդյունքներն Է արձանագրել Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Այդ մասին վկայում են 2018 թվականի համար կազմված վարկանիշի տվյալները, որը հրապարակել Է այս միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը:
Փաստաթղթի համաձայն, Միացյալ Նահանգները «վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել տեղ զբաղեցնել առաջին քսանյակում՝ հավաքելով 71 միավոր, ինչը 4-միավորով պակաս Է, քան անցյալ տարի»: Իր հերթին Մեծ Բրիտանիան կորցրել Է միանգամից երեք դիրք եւ հայտնվել 11-րդ տեղում: Վարկանիշը գլխավորել Է Դանիան (88 միավոր), որը կարողացել Է առաջ անցնել Նոր Զելանդիայից (87 միավոր), չնայած Էստոնիայում Danske Banke-ի բաժանմունքի շուրջ ծավալված սկանդալին՝ կապված գրեթե 200 մլրդ դոլարի լվացման հետ: Առաջատարների եռյակը եզրափակել Է միանգամից մի քանի երկիր՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Սինգապուրը՝ հավաքելով 85-ական միավոր: Ամենավատ ցուցանիշներն արձանագրել են Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի մի շարք երկրներ, ներառյալ Սոմալին (10 միավոր), Սիրիան եւ Հարավային Սուդանը (13-ական միավոր): Վարկանիշում զգալի անկում Է արձանագրել Ադրբեջանը, որը կորցրել Է վեց միավոր եւ զբաղեցրել 152-րդ տեղը: Ռուսաստանը 138-րդ հորիզոնականում Է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում տեղ գտած 180 երկրների թվում՝ հավաքելով 28 միավոր: Ռուսաստանի հետ միատեսակ ցուցանիշներ են գրանցել Պապուա-Նոր Գվինեան, Լիբանանը, Իրանը, Գվինեան եւ Մեքսիկան: Կոռուպցիայի ընկալման ինդեքսն (Corruption Perception Index, CPI) իրենից ներկայացնում Է տարբեր երկրների պետական հատվածում կոռուպցիայի մակարդակը լուսաբանող ցուցանիշը: Սկսած 1995 թվականից՝ ամեն տարի այն կազմվում Է փորձագետների ու ձեռնարկատերերի հարցումների հիման վրա, որոնք անկախ կազմակերպությունների կողմից անցկացվում են աշխարհի տարբեր մասերում: Ընդամենը պետությունները միավորների որոշակի քանակություն են ստանում ըստ 0-ից մինչեւ 100 սանդղակի, որտեղ 0-ն նշանակում Է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: