00:00:00

Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին. Գարեգին Բ

10:23, 28 հունվար 2019

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության: Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը փառապանծ ու հերոսական հիշատակներով մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի պիտի զորացնի իր պարտքի մեջ հայրենիքի հանդեպ: Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ, ջանք ու ավանդ բերելու Հայաստանի ու Արցախի շենացմանն ու զարգացմանը եւ իրագործելու առաջընթացի ու ազգային զարթոնքի մեր տեսիլքները: Մեր հայրենաշեն գործերը պիտի պանծացնեն նաեւ հիշատակը իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսների: Աստվածակառույց Մայր Տաճարի Սուրբ Սեղանի առջեւ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր շնորհների եւ օրհնության ներքո պահպանի մեր Բանակի սպաներին ու մարտիկներին`զորացնելով ամուր հավատքով, ուժ ու կորով պարգեւելով իրենց պանծալի ծառայության մեջ եւ նպատակների իրագործում ու երջանկություն՝ իրենց կյանքում: Թող Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, խաղաղ ու ապահով շենանա եւ զորանա հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր