00:00:00

Սա հաջողակ նախաձեռնություն էր․ Աշոտյանը՝ դրոնների կիրառումը կանոնակարգող իր հեղինակած բանաձևի մասին

23:01, 27 հունվար 2019

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը դրոնների սկանդալային գործի շրջանակներում` կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ այս կասեցումը պայմանավորելով նաեւ «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող իր հեղինակած բանաձևով, որ ընդունել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը։ «Դեռևս 2017 թվականի նոյեմբերին Արեւելյան գործընկերության Խորհրդարանական Վեհաժողովը ընդունել էր իմ հեղինակած և հայկական պատվիրակության կողմից ներկայացված «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձև: Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում նաեւ ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների եւ 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության եւ դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ: Այն նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Ընդունված բանաձեւի համապատասխան կետով Վեհաժողովը կարեւորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արեւելյան գործընկերության երկրներին նաեւ կոչ է արվում նպաստելու թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot»-ների կիրառման հետ: Բանաձեւում կարեւորվել է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը: Իդպես, բանաձևին դեմ էր քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը: Սա յուրահատուկ և հաջողակ նախաձեռնություն էր, և, կարծում եմ, Հայաստանի պատասխանատուները բոլոր մակարդակներում պետք է շարունակեն այս խնդրի միջազգայնացմանն ու կանոնակարգմանը միտված նախաձեռնությունները»,- ասված է նրա գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր