Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի նախկին շրջանավարտ, Պոլիտեխնիկ գիտակրթական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Խաչատուր Սուքիասյանը արդեն երկրորդ տարին է դադարեցրել է համալսարանի լավագույն ուսանողներին կրթաթոշակ տրամադրել։
Irakanum.am-ի այս տեղեկությունը հաստատել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։ Վերջինիս խոսքով՝ ծրագիրը հինգ տարվա է եղել, որը մեկնարկել է 2012 թվականին եւ ավարտվել՝ 2017-ին։ «Երբ, որ հայտարարվել է, ասել ենք, որ հինգ տարվա պրոյեկտ ենք սկսում։ Նախորդ տարի եւս չի եղել»,- ասաց Մկրտչյանը։ Մեր հարցին, թե ծրագիրը շարունակելու ցանկություն Սուքիասյանի մոտ այլեւս չկա՞։ Ի պատասխան Աննա Մկրտչյանը նշեց, որ այս պահին այլ ծրագրեր են կյանքի կոչում։ «Դպրոցներ ենք վերանորոգել, այլ ծրագրերի է նախապատվություն տրվել»,- ասաց նա։
Աննա Մկրտչյանը նշեց, որ խնդիրը ֆինանսականը չէ։ Ամեն դեպքում այս պահին այլ ծրագրեր են նպատակահարմար գտել իրականացնել։
Նշենք, որ ՀԱՊՀ ուսանողներին տրվող այս կրթաթոշակի նպատակն էր խթանել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին` հայաստանյան աշխատաշուկան հնարավորինս համալրելով հմուտ և բանիմաց երիտասարդ մասնագետներով: