00:00:00

Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան

19:52, 17 հունվար 2019

Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը: Թանգարանի ցուցադրություններում ներկայացված են նաև ստեղծագործություններ՝ փոխառնված Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Վերսալը, Ռոդենի թանգարանը, Ֆրանսիայի ազգային գրադարանը։ Թանգարանում շրջայցից հետո նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փայլուն տպավորություններ ունի` Աբու Դաբիի Լուվրն առանձնահատուկ թանգարան է։ «Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ։ Թանգարանի ղեկավարությունը տեղյակ է, թե հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված ինչ գեղեցիկ ու յուրահատուկ ցուցահանդես ենք ունեցել Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում», - ասել է նախագահ Սարգսյանը եւ նշել, որ Աբու Դաբիի թանգարանի ղեկավարությունը ցանկություն ունի հայկական որևէ գեղեցիկ ցուցանմուշ ունենալ իրենց մշակութային օջախում: Հրաշալի տպավորություններ է ունեցել նաև տիկին Նունե Սարգսյանը, ով ասել է, որ ցուցադրությունից բացի` թանգարանն աչքի է ընկում նաև հոյակապ ճարտարապետությամբ ու դիզայինով։ «Այստեղ շատ քիչ և ընտրված ցուցանմուշներ են։ Երբ թանգարանը ծանրաբեռնված չէ, դա հնարավորություն է տալիս ավելի լավ ըմբռնել և հասկանալ ներկայացված դարաշրջաններն ու ցուցանմուշները՝  հատկապես առաջին այցի ժամանակ»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր