00:00:00

Նոր ԱԺ-ն՝ նախկինի ոճով. անփառունակ դրսևորումները շարունակվում են. «Ժողովուրդ»

13:40, 17 հունվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանն ընդամենը երեք օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսևորումները: Երեկ խորհրդարանում երկու խմբակցությունների պատգամավորների միջև վեճը սպառնում էր վերածվել ձեռնամարտի, եթե մյուսները չփորձեին հանդարտեցնել: Վեճն ընդդիմադիր ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների միջև էր: Դեռ խորհրդարանն ամբողջովին չկազմավորված` այս երկու կուսակցությունների միջև հարաբերությունները լարվել էին, ԱԺ առաջին իսկ նիստից նրանք սկսեցին միմյանց դեմ մարտնչել: Երեկ էլ, երբ ԼՀԿ-ի պատգամավորներից Ա. Բաբաջանյանը կոշտ քննադատեց դիվանագիտական ոլորտում նախկին իշխանությունների քաղաքականությունը, մեղադրանքներ հնչեցրեց նաև Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, ԲՀԿ-ականները շտապեցին կոշտ հակադարձել. ի վերջո, Մանուկյանը ԲՀԿ նախագահ Ծառուկյանի խնամին է, նրա որդին՝ Դավիթն էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: Այս խմբակցությունների մի քանի պատգամավորներ սկսեցին միմյանց վրա բղավել, իրար վրա բռունցքներ թափ տալ, բայց ամեն ինչ արագ հանդարտվեց: Հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Հայկ Կոնջորյանը հասցրեց իր ելույթով «փայլատակել». նա Հայաստանի անմիջական հարևան երկրին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, ներկայացրեց «ավտորիտար բնույթի պետություն»: Ավելի ուշ Կոնջորյանը ստիպված էր հայտարարելու, որ խոսելիս վրիպակ է թույլ տվել, այդ խոսքերն իրենց խմբակցության տեսակետը չեն: Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ ԱԺ ամբիոնից Իրանի իշխանություններին մեղադրել էր՝ ասելով, թե ««պադստավկա են անում» Հայաստանի իշխանություններին», և այս ոճով մի քանի այլ խոսք հնչեցրել: Համաձայնեք` այս ամենն իսկապես տխուր է, շատ տխուր: Հետո էլ պատգամավորները դժգոհում են, որ ասում են՝ նոր խորհրդարանի մեծ մասն անփորձ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր