ԱԺ նիստում ԱԺ նախագահի տեղակալի ընդդիմադիր թեկնածուի հարցի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածուի պաշտոնում Լուսավոր Հայաստանը առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ Երբ Էդմոն Մարուքյանը ներկայացնում էր Մանե Թանդիլյանին, Սասուն Միքայելյանը նրան ընդհատեց։
Էդմոն Մարուքյանը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանի դիտարկմանը, հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը ԲՀԿ-ի հետ «կռիվ» չունի: Նրա խոսքով, իրենց «կռիվը» մեծամասնության հետ է: «Մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովի երկրորդ քաղաքական ուժն է: Դա փաստ է: Մենք վիճարկում ենք այն, թե արդյոք ԱԺ երրորդ փոխնախագահը պետք է լինի ԲՀԿ-ից, թե՞ ԼՀԿ-ից»,- ասաց Մարուքյանը։
Նա նշեց` իրենք ասում են, որ իրենք են այդ տեղի հավակնորդը, որովհետև իրենց փոխխոսնակը որպես ընդդիմադիր կլինի ավելի լավը: «Որևէ անձնական բան չկա, մենք ձեր հետ կռիվ չունենք, որովհետև դուք չեք որոշելու, լինի՞ տիկին Թանդիլյանը փոխնախագահ, թե ոչ: Մեր կռիվը իրենց հետ է, իրենք պետք է պատասխան տան», – նկատի ունենալով մեծամասնությանը` ասաց Մարուքյանը։ Սասուն Միքայելյանը տեղից գոռգոռաց` պատասխանելով Էդմոն Մարուքյանին։
«Պարոն Միքայելյան, եթե ուզում եք, գրանցվեք, ելույթ ունեցեք, խնդրում եմ, տեղից մյուս անգամ իմ ելույթի ժամանակ չմիջամտեք, եղա՞վ: Դուք բանախոսի հետ բանավեճի մեջ եք մտել, ինձ լավ ճանաչում եք, ես էլ ձեզ, էլ ինձ չընդհատեք հանկարծ», – ասաց Մարուքյանը: