00:00:00

Լավ եմ անում․ Թատերականի ռեկտորը ինստիտուտը վերածել է սեփական «դուքյանի» (տեսանյութ, լուսանկարներ)

21:20, 11 հունվար 2019

Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա նոյեմբերի 13-ին, բուհը վերածել է սեփական դուքյանի։ Տիկին ռեկտորուհին Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով երազած պաշտոնին հասնելուց հետո միանգամից ձեռնամուխ է եղել բուհում սեփական խաղի կանոննները հաստատելուն։ Լիլիթ Արզումանյանն անմիջապես իր մտերիմների համար է սահուն ճանապարհ հարթել, կարճ ճանապարհով փող վաստակելու համար։ Մասնավորապես տիկին Արզումանյանը  ինստիտուտում ցանկություն է հայտնել տեղադրել սուրճի ապարատ, որը  մեզ հասած հավաստի տեղեկություններով պատկանում է ռեկտորի վարորդին։ Միայն, թե վարորդին լավություն անելու Արզումանյանի «անհագ» ցանկությունը պատճառ է դարձել, որ վերջինս սեփական նախաձեռնությամբ որոշել է միակողմանի լուծարել ավելի վաղ բուհի հետ կնքած մեկ այլ պայմանագիր։ Մասնավորապես երեք տարի առաջ «Վարհակ» ՍՊԸ-ի եւ թատերական ինստիտուտի այդ ժամանակվա  ռեկտորի միջեւ կնքվել է պայմանագիր։ Ընկերությունը համաձայն պայմանագրի տարիներ շարունակ կատարել է իր պարտավորությունները։ Լիլիթ Արզումանյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելուց հետո ընկերության ղեկավարը ստանում է ծանուցում, համաձայն, որի պայմանագիրը միակողմանի լուծարվում է։ Լիլիթ Արզումանյանը ըստ էության  գործել է իմ դեմ խաղ չկա սկզբունքով, եւ պարզապես որոշել է հեռացնել սուրճի երկու ապարատները։ Այն, որ ինստիտուտը իրավունք ունի սեփական տարածքից հեռացնել սուրճի ապարատները ամրագրված է նաեւ պայմանագրով, սակայն իրականում ռեկտորուհին նման որոշման է գնացել, որպեսզի Վարհակ» ՍՊԸ-ի փոխարեն սուրճի ապարատ տեղադրի իր վարորդը։ (Տես լուսանկարը՝․ աջից տեղադրված ապարատը պատկանում է հիշյալ ընկերությանը, իսկ ձախ հատվածում տեղադրվածը՝ ռեկտորի վարորդին) Այսօր ընկերության ներկայացուցիչները մեկ անգամ եւս եղել են ինստիտուտում։ Ռեկտորի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ մեր թղթակիցը։ Նախ ֆիքսենք, որ Լիլիթ Արզումանյանը որեւէ կերպ ցանկություն չի հայտնել պատասխանել լրագրողի հարցերին։ Լիլիթ  Արզումանյանին փոխանցեցինք, որ ներքեւում տեղադրված է սուրճի ապարատ, որը պատկանում է իր վարորդին։ Տիկինը բավականին ագրեսիվ կերպով սկսեց հակադարձել։ Խոսակցությանը պարբերաբար միջամտում էին ռեկտորի կողքին նստած մի քանի աշխատակիցներ, ովքեր այդպես էլ չներկայացան։ «Ստոպ, մի րոպե լսեք, մենք ստեղ ռեմոնտ ենք անում, էդ ապարատը տեղադրված է եղել, մենք հիմա ուզում ենք տեսնենք, թե որտեղ ենք դա պարտկում, ապարատ շենքում չի տեղադրվելու, ես դա ասել եմ ու կասեմ»,- ասաց Լիլիթ Արզումանյանը։ Նա նշեց, որ այս պահին շենքում ընթանում են  վերանորոգման աշխատանքներ, եւ դրա ավարտից հետո միայն ինքը կվերադառնա այդ խոսակցությանը։ «Վարհակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ ուսանողների խնդրանք- պահանջով են տեղադրվել ապարատները։ Ռեկտորն անմիջապես արձագանքեց․ «Ի գիտություն Ձեզ ասեմ, որ ուսանողները մոտեցել են, եւ ասել են, խնդրում ենք հանել էդ ապարատները»։ Մեր դիտարկմանը, թե ուսանողների բողոքը գրավոր արձանագրված է արդյո՞ք, ռեկտորը իր ոճին համապատասխան հայտարարեց, թե ինքը դատարանում չէ։ Լիլիթ Արզումանյանը անդադար կրկնում էր, թե ինքը իրավունք ունի ինչպես ցանկանա, այդպես էլ վարվի, ավելին իր խոսքով լավ է անում։ Լիլիթ Արզումանյանն ակնհայտ շփոթության մեջ է։ Տիկինին թվում է, թե Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը սեփական տունն է, որտեղ ինքը թերեւս կարող է միայն «լավ անել»։ Ամբողջ խոսակցությանը ներկա էր նաեւ ինստիտուտի իրավաբանը (անունը Էլեն), ով ոչ միայն գոռգոռում էր, այլ նաեւ հանիրավի մեղադրանքներ հնչեցնում։ Մեր տրամադրության տակ առկա է ձայնագրություն, որը կհրապարակենք առաջիկայում։ Բուհում ընթանում են շինաշխատանքներ, որոնք իրականացնելու համար Լիլիթ Արզումանյանը մրցույթ չի հայտարարել։ Ու՞մ հաշվին է ինստիտուտը իրականացնում շինաշխատանքներ, եւ որ ամենակարևորն է ովքեր են իրականացնում այդ աշխատանքները թերեւս թող զբաղվի նախարարությունը։ Առայժմ հույս ենք հայտնում, որ Լիլիթ Արզումանյանների նմաններին նման պատասխանատու պաշտոններին նշանակողները հստակ կգիտակցեն իրավիճակը, եւ արդարացի որոշում կկայացնեն։ Թատերական ինստիտուտը ավելի կարեւոր գործառույթներ ունի իրականացնելու, եւ գործող իշխանությունները պարտավոր են անհապաղ վերանայել իրենց նշանակած կադրերին։ Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը մինչեւ ռեկտոր նշանակվելը եղել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ։ Նա ամռանը Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվեց աշխատանքից, սակայն «շուխուռ» անելուց հետո նրան նշանակեցին Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր։  Ազատվելուց հետո ներկայիս ռեկտորը այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, թե «պոզով պոչով է» լինում կադրային ջարդը։ Հիմա, ի՞նչ տիկին Արզումանյան տաքուկ կաբինետում տեղավորվելուց հետո կամայական որոշումներ կայացնելը պոզով պոչով է լինու՞մ։ Մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի «նոր» Հայաստանում չկրկնվեն այն արատավոր երեւույթները, որոնց դեմ ամբողջ հասարակությունը պայքարեց։ Նրանք, ովքեր չեն գիտակցում իրավիճակի փոփոխությունը պարտավոր են հանգիստ հեռանալ, կամ ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր սիրում կրկնել, հանգիստ նստել տեղերը։ Ի վերջո երկրում տեղի ունեցած հեղափոխությունը, սեփական շահերին ծառայեցնելու եւ այդ կերպ յուրայիններին առաջ տանելու ճանապարհները պետք է փակված լինեին։ Ցավոք տեղի ունեցող զարգացումները խոսում են հակառակի մասին։ Ներկայացնում ենք նաեւ տեսանյութ, որտեղ ռեկտորը հայտարարում է, թե որեւէ նոր սուրճի ապարատ չի տեղադրվել, եւ ապա ավելացնում, թե լավ է անում։ https://www.youtube.com/watch?v=A9hf-1ZXcqs&feature=youtu.be Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր