00:00:00

«Եկել եմ, որ գնամ» ֆիլմը՝ կինոքննադատների աչքերով (տեսանյութ)

03:32, 14 մարտ 2018 Մշակույթ

https://www.youtube.com/watch?v=HDHjJV6EJLQ   «Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատրաստվել էր Չայխանա տարածաշրջանային մուլտիմեդիա հարթակի համար: Իր խոսքում ֆիլմի հեղինակ Արուս Հակոբյանը պատմեց, որ գաղափարն առաջացել է, քանի որ այս օրերին անընդհատ խոսվում է արտագաղթի, դատարկվող տների մասին, ինքն էլ դրա վառ օրինակն է. տեղափոխվել են իրենց հայրենի տնից, ծննդավայրից: Այս խնդրին, ըստ Արուս Հակոբյանի, հատկապես հայերին է առնչվում: Ֆիլմում երևում է, թե ինչպես է արդեն 100 տարին անց տատիկը Սվարանցը լքել սոցիալական պայմաններից ելնելով, սակայն շատ է ափսոսում դրա համար: Ի դեպ, ֆիլմի հերոսուհին հենց Արուսի տատիկն է: Կինոռեժիսոր Արեն Մալաքյանի խոսքով՝ հետաքրքիր պատմություն է, տեսարանները՝ խոսուն, թեև ֆիլմն իր համար ոչ այդքան արտագաղթի խնդրին էր անդրադառնում, որքան անցած ժամանակի: «Ես ոչ թե արտագաղթի մասին ֆիլմ տեսա, այլ անցած ժամանակի, որ այս մարդը ամեն գնով փորձում է իրեն համոզել, որ հնարավոր է ժամանակը պահպանել: Ֆիլմն այդ տեսակետից է զարգացել: Որպես սկսնակ ռեժիսոր՝ հեղինակը ֆիլմում լուրջ խնդիրներ է շոշափում, որտեղ պատմությունը ժամանակի տևողությունն է՝ այդ կանգնած ժամացույցը, լուսամուտից երևացող սարերը, և ժամանակը, որ ակտիվ գնում է, բայց այդ մարդն ուզում է, որ այն կանգ առնի»,- ասաց կինոռեժիսորը և նշեց, որ սեղմ ժամանակում է նկարել, և շատ ավելի լավ կլիներ 104-ամյա կնոջը նկարել տարվա չորս եղանակներին: Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ևս այն համոզմանն է, որ ֆիլմում բավականաչափ չի արտահայտվում այդ կոնֆլիկտը, որի մասին խոսվում է, այսինքն՝ արտագաղթը: Թեև կինոքննադատը հավելեց, որ շատ ֆիլմեր հաճախ իրենք են որոշում՝ ինչի մասին են: Րաֆֆի Մովսիսյանի գնահատականով՝ հեղինակը վերցրել է ֆիլմի նկարահանման իրավիճակային մեթոդը: «Ինձ համար ֆիլմը կարծես Արուսի վերադարձն էր գյուղ, որը ժամանակին թողել է տատիկը, և տատիկի միջոցով է գտնելու այն անցյալը, որ կար»,- ասաց նա և նշեց, որ թեև հեղինակը փորձել է կադրից դուրս պահել իրեն, բայց անընդհատ զգացվում է նրա շունչը ֆիլմում: Ֆիլմում Սաթենիկ տատիկի ապրումներն են, կարոտը, երևում է, թե ինչպես է տուն-տեղ դրել, սակայն ստիպված թողել ու հեռացել: Սաթենիկը 7 որդի ունի: Թեև նա հասկանում է, որ իր տղաներից, թոռներից և ծոռներից ոչ մեկը չի վերադառնալու և ապրելու դատարկվող գյուղի այս հին, փոքր տանը, այդուհանդերձ, հոգու խորքում 104-ամյա տատը հույս ունի, որ նրանցից գոնե մեկը հոգ կտանի գյուղի տան մասին: Սաթենիկը վերադարձել է տուն՝ վերջին անգամ հրաժեշտ տալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր