Հաշվետվողականության մասով, կարծում եմ՝ պետք է ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես, թե այնպես քննարկվում են, բայց պարտադիր չէ, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում եղան պաշտոնանկություններ, սակայն հանրությանը հաշվետվություն չի տրվում, թե ինչ պատճառով են դրանք արվում:
«Մանավանդ ասել եմ, որ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված: Նաեւ ուզում եմ ասել, որ այդ կադրային փոփոխությունները իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային:
Մեր բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում իրենց պաշտոններում, որտեղից հրաժարական են տվել, ես գնահատում եմ: Բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում: Մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք հասցեագրման անհրաժեշտություն ունեն«-ասաց նա:
Հարցին՝ եթե խնդիրը համակարգային է, ոչ թե կադրային, ինչու է կադրային փոփոխություններ արել, իսկ համակարգային՝ ոչ, Փաշինյանը պատասխանեց. «Բոլոր մեր գործընկերները, որոնք թողել են իրենց պաշտոնը, իրենք իրենց ոլորտներում արել են համակարգային փոփոխություններ: Օրինակ ՆԳՆ-ն, ոստիկանությունը այսօր այնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020-ին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանության պետ, ապա ՆԳ նախարար: Նույնը կարելի է ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, որը զրոյից ձեւավորված մարմին է: ՔԿ-ն ահռելի համակարգային ու կադրային փոփոխություններ է ապրել, ՏԿԵ նախարարությունը տեսեք՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ում: ՊԵԿ-ը շատ լուրջ բարեփոխումների է ենթարկվել:
Հիմա հաջորդ հարցը, բա ի՞նչն է փոփոխության պատճառը. Մեր գործընկերներն, այո, շատ լավ են աշխատել, բայց ղեկավարը մի կողմից պետք է համակարգը առաջնորդի, այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա հենց համակարգը տեսնել կողքից, հետագա համակարգային փոփոխությունն իրականացնել: Այս առումով պետական համակարգում գալիս է մի պահ, երբ այդ փոփոխությունները բերող ղեկավարները մի X պահից դառնում են համակարգի մաս, այսինքն նույն տեմպով բարեփոխումները շարունակելը հնարավոր չի դառնում»:
Փաշինյանի ներկայացմամբ, համակարգը փոխելու համար պետք է համակարգի թերությունները տեսնել, խորանալ այդ թերությունների մեջ. «Հայացքի սրությունը կարող է կորել եւ նաեւ կազմակերչական առումով թերությունները տեսնելով կամ իմանալով, այնուամենայնիվ, կտրուկ փոփոխություններից սկսում ենք խուսափել: Դա հասկանալի, բայց երբեմն ոչ օգտակար գործելակերպ է»: