00:00:00

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 10.000 անգամ․ Արցախի ՊՆ-ն ամփոփել է տարին առաջնագծում

03:10, 01 հունվար 2019

2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցնող տարվա ընթացքում կատարված հսկայածավալ ինժենարա-ամրաշիանական եւ առաջնագիծը տեսադիտարկման համակարգերով կահավորման աշխատանքների արդյունքում գրեթե իսպառ վերացել է հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Բացառությամբ հունվարի 25-ի   դեպքի, երբ ՊԲ հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից հավաստանշվել է ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ եւ հետ շպրտվել, տարվա ընթացքում հակառակորդը նմանատիպ քայլեր չի ձեռնարկել: Առաջնագծում տիրող հարաբերական հանգիստ իրադրությունն էլ ավելի է կայունացել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 28-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի  ունեցած հանդիպման արդյունքում, երբ կողմերի միջեւ ձեռք է բերվել սահմանային գոտում լարումն իջեցնելու եւ օպերատիվ կապ հաստատելու մասին պայմանավորվածություն: Այսպես՝ եթե մարտից մինչեւ օգոստոս ընկած ամիսներին ադրբեջանական զինուժը շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը, բացի հրաձգային զինատեսակներից, խախտում էր նաեւ տարբեր տիպի նռնականետերից, ապա դրանից հետո ընկած ժամանակահատվածում կիրառում էր միայն բացառապես հրաձգային զինատեսակներ: Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 10.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 97.000 կրակոց` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ տարբեր տիպի նռնականետեր (25 արկ): 2018թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով՝ պատվով կատարելով Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության ու բնակչության խաղաղ կենսագործունեության ապահովման իրենց առաքելությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր