00:00:00

Հայաստանը իրոք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

02:29, 01 հունվար 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ, Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումների: Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և նոր կառավարություն: Նրանց գործունեության հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի քաղաքացուց: Քաղաքացու աջակցությունից և հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին նրա ակտիվ մասնակցությունից: Հայաստանը իրոք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:
Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու:
Կլինեն նաև դժվարություններ, հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով: Եվ ես բոլորիս մաղթում եմ սթափություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն: Սրանք են հաջողության հասնելու բանալիները: Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակա լինել մեր կյանքում: Մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք: Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով: Մենք պետք է հոգ տանենք ազգային ինքնության հիմնասյուների՝ մեր մշակույթի, կրթության, հոգևոր և ընտանեկան արժեքների մասին: Այս գործում առանցքային դեր է կատարում մեր Սուրբ Եկեղեցին: Պետք է ավելի հոգատար լինենք մեր պատմական և ազգային ժառանգության, մեր բնության, գյուղի, քաղաքի և ընդհանրապես մեր երկրի նկատմամբ: Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝ սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապ օգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի, հրշեջի, հացթուխի և տաքսու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի և մյուսների: Հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար: Նրա՛նց, որ դեռ տուն չունեն, նրա՛նց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում: Մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար: Մաղթում եմ հոգսերի թեթևացում: Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները: Թո՛ղ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը: Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետևյալ նշանաբանը. «Կարողացել են ուրիշները՝ կարող ենք նաև մենք, չի կարողացել ոչ ոքաշխարհում՝ մենք կլինենք առաջինը»: Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, մեր ընտանիքներին՝ առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ: Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը, ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքները: Շնորհավոր Նոր տարի»: https://www.youtube.com/watch?v=lV8kROzfvDI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր