00:00:00

Գարեգին Բ-ն ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը

00:46, 23 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի: Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց երկու կրթական հաստատությունների միջեւ առկա համագործակցության եւ դրա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ: Ողջունելով երկու երկրների մանկավարժական համալսարանների միջեւ ձեւավորված սերտ կապերը եւ դրանց խորացմանն ուղղված քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց նման գործակցությունը երիտասարդ սերունդների կրթության եւ դաստիարակության գործում: Իր օրհնությունն ու գնահատանքը բերելով համալսարանների ղեկավարներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ հաստատությունների միջեւ վերակնքված համագործակցության պայմանագիրը նոր հնարավորություններ կընձեռի համալսարանականներին եւ կնպաստի երկու համալսարանների կապերի առավել արդյունավորմանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նաեւ փաստեց, որ Մայր Աթոռի կրթական կառույցների եւ Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցների միջեւ հաստատված է սերտ գործակցություն, ինչը առիթ է տալիս կրթության ու գիտության ապագա մշակներին ծանոթանալու ազգային-եկեղեցական եւ հոգեւոր արժեքներին: Իր հերթին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովը եւս կարեւոր համարեց երկու համալսարանների միջեւ համագործակցության պայմանագրի վերակնքումը եւ հարաբերությունների հետագա զարգացումը: Զրույցի ընթացքում պրն. Լուբկովը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց նաեւ ռուս ժողովրդի կյանքում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ունեցած դերակատարությունն ու ներկայիս գործունեությունը, ինչպես նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր ուսումնական հաստատությունների հետ փոխգործակցությունը: Հանդիպմանն երկուստեք կարեւորվեց երիտասարդ սերնդի հոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը, որով ներկայիս մարտահրավերների պայմաններում հնարավոր է անաղարտ պահպանել ազգային-հոգեւոր ավանդույթներն ու բարոյական արժեքները: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ ձեւավորված եղբայրական կապերին եւ սերտ համագործակցությանը տարբեր ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր