Քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խորհրդարանական ապագա խմբակցության առաջին նիստը: Նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ նիստին ներկա են եղել հիմնականում «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում ներկայացնող անձիք:
«Այլ թեկնածուների քննարկում եղել է վարչության կազմում, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմինն է եւ որը ձեւավորել է նաեւ Ազգային ժողովի մեր ցուցակը: Այդ քննարկումների ավարտին կոնսենսուսով բերվել է այն թեկնածուների ցուցակը, որը ներկայացվեց ներսում»,-ասաց Ալեն Սիմոնյանն ու նշեց, որ որոշումները կայացվել են միաձայն, քննարկումների արդյունքում, եղել է մեկ ձեռնպահ:
Դիտարկմանը, թե քիչ առաջ լրատվամիջոցներով տարածվեց, որ ԱԺ-ում խմբակցությունը ներկայացնելու Լիլիթ Մակունցի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Դա չի համապատասխանում իրականությանը, տարբեր թեկնածուներ են քննարկվել, եկել ենք այն եզրահանգման, որ Լիլիթ Մակունցի թեկնածությունն ամենաճիշտն է»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ որոշումները միանձնյա չեն ընդունվում, եղել են երկար քննարկումներ, որոնք շարունակվել են այնքան, մինչեւ եկել են կոնսենսուսի եւ դա բոլոր թեկնածուների դեպքում՝ ԱԺ նախագահի, փոխնախագահի, բոլորի:
Սիմոնյանը հայտնեց նաեւ, որ որպես ԱԺ խոսնակ առաջարկվում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որպես փոխխոսնակներ՝ իր եւ Լենա Նազարյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավար կլինի Լիլիթ Մակունցը, իսկ քարտուղար՝ Հակոբ Սիմոնյանը:
ԱԺ առաջին նիստը կկայանա այն ժամանակ, երբ կորոշի ԿԸՀ-ն:
Քննարկվել են նաեւ հանձնաժողովների նախագահների անունները, այս պահին կա 10 հանձնաժողով, կառաջարկվի այդքան, թեպետ Սահմանադրությունը թույլ է տալիս ունենալ 12 հանձնաժողով:
Գործադիրի հարցը, ըստ Ալեն Սիմոնյանի, դեռ որոշված չէ, բայց Ազգային ժողովի կազմը 90 տոկոսով պատրաստ է: