Հայաստանի ազգային արխիվում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանի` «Հայաստանի օգնության կոմիտեի գործունեությունը 1921-1937 թթ.» մենագրության շնորհանդեսը, որին ներկա էին պատմաբաններ և ՀՀ Սփյուռքի նախարարությունից Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը, Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:
Բացման խոսքով հանդես եկավ գրքի խմբագիր Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը և բարձր գնահատեց հեղինակի կատարած աշխատանքը, որի շնորհիվ գիտական շրջանառության մեջ են դրվել հայ գաղթականության, ցեղասպանության, 1920-30-ականներին Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղակական իրավիճակին վերաբերող բազմաթիվ արխիվային փաստաթղթեր:
ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության բաժնի պետ պ.գ.թ., դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը մենագրությունն արժեքավոր համարեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ուսումնասիրման տեսանկյունից:
Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ-ը), որի առաջին նախագահը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր, իր մասնաճյուղերն էր բացել արտասահմանի հայաշատ համայնքներում և օգնություն էր բերում Խորհրդային Հայաստան, օժանդակում հայրենադարձության աշխատանքներին: