00:00:00

Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

18:12, 13 դեկտեմբեր 2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը Ռուսաստանցի զինծառայողի կատարած հերթական սպանության առիթով Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող: Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին և նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում: Հատկապես 2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսաստանյան ռազմական ներկայության վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջազգային պայմանագրերի և Ռուսաստանի Սահմանադրության իրավակարգավորումներով ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որը բացառում է նման դեպքերում ռազմակայանի զինծառայողի նկատմամբ Հայաստանի արդարադատության լիարժեք իրականացումը: Մամուլի հրապարակումներ կան, որ այս անգամ ևս ռուսաստանյան զինծառայողը գտնվում է ռազմակայանի տարածքում և, ինչպես Պերմյակովի պարագայում, քննչական գործողությունները կատարվում են այդ տարածքում: Եթե այդպես է, ապա պետք էլ չէ որևէ հույս ունենալ, թե ռուսական կողմը կհանձնի նրան: Ռուսաստանի Սահմանադրությունն ուղղակի արգելում է դա: Փաստորեն՝ Հայաստանի տարածքում գերակայում են Ռուսաստանի Սահմանադրությունն ու իրավազորությունը: Եթե այս անգամ էլ լռենք և քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու: Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու և այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր