00:00:00

Լեհաստանի դեսպանությունը գոհունակությամբ նշում է, որ այս ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշների համաձայն

16:17, 13 դեկտեմբեր 2018

2018թ-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երեւանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ նշում է, որ այս ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշների համաձայն, ինչը նաեւ հաստատվել է ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունների կողմից: Ինչպես հայտնում են Երեւանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունից, ընտրությունների մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեարկությամբ հաստատել են, որ ընդունում են էական քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել ապրիլ եւ մայիս ամիսներին` «թավշյա հեղափոխության» արդյունքում: Լեհաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ ձգտելու է ակտիվացնել համագործակցությունը նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո ձեւավորված ՀՀ նոր կառավարության հետ: Երեւանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը լիահույս է, որ երկկողմ համագործակցությունը հնարավոր է առավել դինամիկ դարձնել քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտության ոլորտներում: Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի արդիականացման ուղղությամբ: Լեհաստանի կառավարությունն ըմբռնում է հայ-լեհական համագործակցության ինտենսիֆիկացման անհրաժեշտությունը՝ ԵՄ-ում գործող իրավական չափանիշներին Հայաստանը մերձեցնելու գործընթացում: Մեր կարծիքով համագործակցության լավագույն մոդելը Լեհաստանի փորձագետների աջակցությունն է ՀՀ եւ ԵՄ օրենսդրությունների ներդաշնակեցման գործում: Հպարտությամբ վերահաստատում ենք, որ ԵՄ անդամ պետությունների շարքում Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է 2017թ-ի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /CEPA/: Երեւանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը սրտանց շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Հայաստանի արդի պատմության մեջ նոր էջ բացելու առթիվ: Հուսով ենք, որ առաջիկա քաղաքական եւ տնտեսական փոփոխությունները կնպաստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը եւ բարօրությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր