«Նախ չեմ ճանաչում ում մասին է խոսքը գնում, հետեւաբար հարկ չեմ համարում ուշադրություն դարձնել, բայց քանի, որ դուք հարցադրում եք տալիս, ձեզ համար հայտնեմ հետեւյալը․ եթե որեւէ մեկը, այս ազատ, արդար, թափանցիկ եւ աննախադեպ ընտրությունների արդյունքում, ահռելի թվերով քաղաքացիների ընտրած որեւէ ուժին համարում է անառողջ ատամ, ուրեմն եզարակացությունները թողնում եմ հանրությանը»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադառնալով, քաղաքագետ, համաներմամբ ազատ արձակված Արկադի Վարդանյանի այն հայտարարությանը, թե մենք ունեինք չորս անառողջ ատամ, որոնցից երեքը հեռացվեցին և մնաց վերջին անառողջ ատամը։ «Այդ երեքի բացակայության պայմաններում մեկն իրենից ոչինչ չի ներկայացնում՝ ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նրա առաջնորդին»,- ասել էր Արկադի Վարդանյանը։
Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ եթե որեւէ մեկը փորձում է ցեխ շպրտել Սերժ Սարգսյանի սահմանադրական ավանտյուրային դեմ քվեարկած, հետեւաբար այդ ժամանակվանից հեղափոխություն սկսած, քաղաքական ուժի առաջնորդի դեմ, ապա սպասարկում է հենց նույն այն անձանց շահերը, ովքեր չեն ցանկանում երկրում փոփոխություններ։
Մեր դիտարկմանը, թե Անդրանիկ Վարդանյանը կարծիք է հայտնել, թե ԲՀԿ-ն ինքն իրեն սպառել է, որպես խառնակիչ կուսակցություն, եւ ստեղծվել է պարզապես Քոչարյանի հանցավոր երեւակայության արդյունքում, Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե անլուրջ է համարում նման խոսակցությունները։ «Եթե անհրաժեշտություն լինի անդրադառնալու յուրաքանչյուր յուրահատուկ կոռեկտ եմ ձեւակերպում, հոգեբանական վիճակում գտնվող քաղաքացու՝ քաղաքական մտքերին, ապա անհրաժեշտ կլինի մեկնաբանել մի քանի միլիոն կարծիք»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Irakanum.am